Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Պատմաաշխարհագրական ակնարկ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ



ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

 

Տարածքը` 1231 քառ.կմ

ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 4.1 %

Բնակչությունը` 266 հազար 600 մարդ /2023 թ. հունվարի 1-ի դրությամբ/, որից քաղաքային` 82 հազար 900 մարդ, գյուղական` 183 հազար 700 մարդ։

Բնակչության խտությունը` 216 մարդ/կմ.ք.:

Համայնքների թիվը` 8

Քաղաքներ 3

Գյուղեր 95

Մարզկենտրոնը՝ քաղաք Արմավիր. Երևանից հեռավորությունը 48 կմ է:

ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում մարզի բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 2021թ. 8.9 %

Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 2021թ. 31.2%

Գյուղատնտեսական նշանակության հողեր 96 838.9 հա, այդ թվում` վարելահողեր` 39 765.2 հա

Արմավիրի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևմտյան հատվածում: Մարզը հյուսիսից սահմանակից է Արագածոտնի մարզին, արևելքից` մայրաքաղաքին, հարավ-արևելքից` Արարատի մարզին և արևմուտքից` պետական սահմանով, սահմանակից է Թուրքիային:

Մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող ավտոխճուղիներ` Երևան–Արմավիր, Երևան-Քարակերտ և Երևան-Գյումրի,
ինչպես նաև Երևան–Թբիլիսի երկաթուղին:

Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ:

Մարզի աշխարհագրական դիրքը ևբնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (բազմամյա տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ
անասնաբուծության զարգացման համար:

Կլիման` արևոտ, չոր ցամաքային:
Առավելագույն ջերմաստիճանը` 41 աստիճան, նվազագույնը՝ -33 աստիճան։

Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բոստանաբուծությունը: Հիմնականում մշակվում են հացահատիկաընդեղենային և բանջարաբոստանային մշակաբույսեր:

Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերք, խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում:

Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով:

2021 թվականին մարզի տնտեսության հիմնական ոլորտների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ոլորտների ընդհանուր ծավալում կազմել են.

ü    արդյունաբերություն 5.0 %

ü   գյուղատնտեսություն 22.6 %

ü   շինարարություն 7.3 %

ü   մանրածախ առևտուր 4.5 %

ü   ծառայություններ 1.5 %:

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:
Եզակի հուշարձան է Մեծամոր բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
 

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ: Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը,Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար: Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:
                                                                            * * *
Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արգիշտիխինիլի քաղաքը, որի շրջակայքում հետագայում կառուցվել է Արմավիր քաղաքը,  հիմնադրվել է Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց` մ.թ.ա. 776-ին, Արգիշտի առաջինի կողմից։ Արգիշտիխինիլի նշանակում է Արգիշտաշեն։

Գտնվելով արգավանդ Արարատյան դաշտում, միջազգային քարավանային առևտրային ուղիների խաչմերուկում՝ ժամանակի ընթացքում Արգիշտիխինիլին դառնում է ուրարտական պետության վարչական, տնտեսական ու կրոնական կարևոր բերդաքաղաքներից մեկը։

Քերթողահայր Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին, այդ պատճառով էլ քաղաքին երբեմն անվանում են Արամայր։ Ըստ Խորենացու՝ Արամայիսն իր համար գետի ափամերձ բարձունքի վրա տուն է շինում։ Արամայիս անվանը ավելացվել է վիր մասնիկը, որը զենդերեն նշանակում է բարձր։ Ստացվում է Արմավիր՝ Արամայիսի բարձր տուն։

Ուրարտական պետության ժամանակ Արմավիր քաղաքն իր մեծությամբ ու կարևորությամբ մրցում էր Վան մայրաքաղաքի հետ, իսկ ուրարտական պետության անկումից հետո շարունակելով գոյատևել մ.թ.ա. 4-րդ դարի վերջից մինչև մ.թ. 68 թ.՝ դարձել է Արարատյան հայկական թագավորության մայրաքաղաքը, ուր և հաստատվել են Երվանդունիները։

Բագրատունիների իշխանության օրոք Արմավիրը նորից վերելք է ապրում մինչև Զաքարյանների իշխանության ժամանակահատվածը։
Արմավիր քաղաքը ամբողջությամբ ավերվել է մոնղոլների արշավանքների ժամանակ։

Նախկին մայրաքաղաք Արմավիրի տարածքում ներկայումս փռված են Նոր Արմավիր, Հայկավան, Սովետական, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան և Արմավիր գյուղերը, իսկ բլրի գագաթին գտնվող քաղաքի միջնաբերդի ավերակները՝ որպես ուխտատեղի պահպանվում են մինչ օրս։

 

ԵՐՎԱՆԴԱՇԱՏ

Մարզկենտրոնից 36 կմ դեպի արևմուտք՝ Երասխ և Ախուրյան գետերի միախառնման տեղում, գտնվում են Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երվանդաշատի՝ Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի ավերակները։
Երվանդաշատ նշանակում է Երվանդի տուն։

Երվանդաշատը հիմնադրել է Երվանդ վերջին թագավորը (մ.թ.ա. 3-րդ դարի վերջին, 2-րդ դարի սկզբին) Այրարատ նահանգի Երասխաձոր գավառի Երասխ գետի ձախ ափին… Մովսես Խորենացին գրում է, որ Արաքսի հունը Արմավիրից հեռանալու պատճառով Երվանդը արքունիկը տեղափոխում է արևմտյան կողմը՝ միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, իսկ դիմացից էլ հոսում է Ախուրյան գետը։ Երկու գետերի միախառնման վայրում նոր մայրաքաղաքի հիմնադրումը հետևանք է ոչ այնքան բնակլիմայական պայմանների, որքան քաղաքական իրադարձությունների։

Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, ունեցել է մոտ 50000 ընտանիք, որտեղ բացի հայերից բնակվել են նաև Տիգրան Բ Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։ Երվանդաշատից ճանապարհը տանում էր դեպի Արտաշատ-Տիգրանակերտ, Արտաշատ-Սատաղ մայրուղիները, որոնցով առևտրատնտեսական կապեր էին պահպանում հարևան երկրների հետ։
Հին Հայաստանի այս մայրաքաղաքը կործանվել է 360-ին՝ պարսից և հայոց բանակների բախումների պատճառով։ Առ այսօր պահպանվում են Երվանդաշատի ավերակները, պարիսպների հետքերը, երկու եկեղեցիների ավերակները և վիմագիր երկու արձանագրությունները։
Քաղաքի տեղում այժմ փռված է Երվանդաշատ գյուղը, որի բնակիչները հիմնականում ներգաղթել են Անիի և Թալինի շրջաններից։



ԲԱԳԱՐԱՆ ՀԵԹՆՈՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Բագարան պահլավերեն նշանակում է Աստվածարան, Կուռքարան։
Բագարանը եղել է քաղաք մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշակունիք գավառում, Ախուրյան գետի ափին։ Քաղաքը կառուցվել է հայոց Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ 4-րդ՝ մ.թ.ա. 2-րդ դարի սկզբներին՝ Արմավիր մայրաքաղաքից այստեղ փոխադրելով հեթանոսական աստվածների կուռքերին։
9-րդ դարի 2-րդ կեսերին Բագարանը կարճ ժամանակով դառնում է Բգրատունիների թագավորության մայրաքաղաքը։

Մեր դարասկզբին քաղաքն ուներ 800 բնակիչ, որոնք էլ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լքեցին քաղաքը և հաստատվեցին Արաքսի ձախ ափին, ուր ներկայումս փռված է Բագարան գյուղը։ Գյուղ տանող ճանապարհին, Բագարանի միջնաբերդի առաջ՝ ժայռերի մի բարձրության վրա, դեռ պահպանվում է ժամանակին «հայրենիքի բարերար» կոչմանն արժանացած Գևորգ Մարզպետունու գերեզմանատեղը։ Իր խնդրանքով սպարապետ Մարզպետունուն այստեղ թաղել է Աբաս թագավորը, որպեսզի Մարզպետունին հսկի Աշոտ Բռնավորի շիրիմին՝ չթողնելով նրան դավաճանել իր շուրջ ամփոփված սրբերին։ Այստեղ են ամփոփվել նաև Բագրատունի թագավորների շիրիմները։

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզում անտառածածկ տարածքները կազմել են 1840 հա եւ շուրջ 1000 հա դաշտապաշտպան անտառաշերտեր: 1991 - 1994թթ. ընթացքում դաշտապաշտպան անտառաշերտերը լրիվ հատվել են, իսկ անտառածածկ տարածքներից քիչ քանակությամբ մնացել են Արմավիր քաղաքի շրջակայքում եւ Սարդարապատի հուշահամալիրին կից տարածքներում: Մարզում անտառներ հիմնվել են խորհրդային տարիներին, բնական անտառածածկ տարածքներ մարզում չեն եղել:

Մարզում անտառվերականգման աշխատանքները վերսկսվեցին 1998թ.: Սարդարապատի եւ Արմավիրի անտառտնտեսությունների տարածքներում հիմնվեցին ավելի քան 60 հա, հիմնականում արագաճ բարդիներ: Անտառվերականգման աշխատանքները մարզի տարածքում հնարավոր է միայն ոռոգման պայմաններում:
Մարզում լուրջ բնապահպանական հիմնախնդիր է հանդիսանում հողերի էռոզիոն պրոցեսների արագացումը:

Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող վայրի ֆլորայի 387 տեսակներից յոթը, ֆաունայի 99 տեսակներից 38-ը՝ աճում եւ բազմանում են Արմավիրի մարզի տարածքում: Բուսական եւ կենդանական աշխարհի հիշյալ ներկայացուցիչների պահպանության հարցերը լուծված չեն:
Մարզկենտրոնում գործում է հանրապետությունում եզակի կենդանաբուսաբանական այգին, որտեղ պահպանվող եւ բազմացվող բույսերի եւ կենդանիների տեսականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այգին գործում է անհատ բնասեր Թադեւոսյանների ընտանիքի ջանքերով եւ միջոցներով:

Մարզի տարածքում է գտնվում հանրապետությունում միակ "Որդան Կարմիր" արգելավայրը: Պահպանության օբյեկտն է Հալոֆիտ անապատը, ոիր վրա ապրում է հայկական որդան Կարմիրը: Որդան Կարմիրը էնդեմիկ միջատ է, որը 3 հազարամյակ Հայկական լեռնաշխարհի տարածքում օգտագործվել է կարմիր ներկանյութ ստանալու համար: Արգելավայրը գտնվում է շատ աղետալի վիճակում:

 

Արմավիրի մարզի բույսերի և կենդանիների Կարմիր գիրք

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի տարածաշրջանի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 595,3 կմ, որից` միջպետական նշանակության ճանապարհները - 109.0 կմ, Հանրապետական նշանակության ճանապարհները - 96.1 կմ, Մարզային նշանակության ճանապարհները - 279.9 կմ, Համայնքային նշանակության ճանապարհները - 110.3 կմ:
2007թ. ընթացքում այս ոլորտում կազմակերպվել է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների պահպանությունը և շահագործումը, որն իրականացնելու համար պետական բյուջեյից հատկացվել է 117.6 մլն. դրամ։
Մարզպետարանն աջակցել է հանրապետական նշանակության մի շարք ճանապարհների հիմնանորոգումների իրականացմանը, կազմակերպվել է տեղական նշանակության ճանապարհների 188 կմ հանձնումը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, իրականացվել է 279.1 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհների ձմեռային պահպանությունը։


ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, քանի որ գտնվում է հիմնականում Արարատյան դաշտի բարեբեր հողերի վրա։ Մարզում տարիներ շարունակ արտադրվել է խաղող, ծիրան, դեղձ, սալոր, բանջար-բոստանային կուլտուրաներ։


Նախկինում մարզը ունեցել է նաև հզոր արդյունաբերություն. պահածոների մի քանի գործարաններ, կահույքի ֆաբրիկաներ, մի շարք ռազմական ուղղվածության գործարաններ։
Այսօր դրանք չկան, կան գյուղատնտեսությամբ զբաղվող մանր ու միջին տնտեսություններ, գյուղմթերքներ վերամշակող մի շարք գործարաններ։
Վերջին տարիներին մարզում զարգանում են ձկնային տնտեսությունները։ Մարզում արտադրված ձուկը մեծ պահանջարկ ունի հանրապետությունում և նրա սահմաններից դուրս։

Մարզում աննախադեպ թափ է առել շինարարությունը, ամենուր կառուցվում և վերակառուցվում են դպրոցներ, նախակրթարաններ, մշակույթի տներ, արտադրական ձեռնարկություններ։
Մարզում են տեղակայված հանրապետական նշանակության երկու կարևորագույն կառույցներ՝ ՀԱԷԿ-ը և Զվարթնոց օդանավակայանը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏԱԿԱՅԱՆ

Հայկական ատոմային էլեկտրակայանը կազմված է երկու բլոկներից։ Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդ էներգաբլոկը՝ 1980 թվականի հունվարի 5-ին։ Երկու բլոկների հզորությունը՝ 407.5 մվտ.։

ՍՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ 1989 թվականի փետրվարի 25-ին փակվեց առաջին էներգաբլոկը, իսկ մարտի 18-ին՝ երկրորդը։
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանը կանգնեց ծանր էներգետիկ ճգնաժամի առաջ, 1993 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի կառավարությունը որոշեց վերագործարկել ՀԱԷԿ-ը և 1995 թվականին, շուրջ 6.5 տարի դադարից հետո, վերագործարկվեց հայկական ատոմակայանը և Հայաստանը երկարատև ծանր ճգնաժամից անցավ շուրջօրյա էներգամատակարարման։

 

ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

Խորհրդային Հայաստանի առաջին կանոնավոր օդային հաղորդակցությունը սկսվել է 1933 թվականի հուլիսից։ Այժմ Հայաստանն օդային ուղիներով կապվում է աշխարհի տարբեր քաղաքների հետ։ Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է «Զվարթնոց». օդանավակայանի վրա, որը հիմնադրվել է 1981 թվականին։ Օդանավակայանը գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա, Արմավիրի մարզում։


ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ

ՄԱՊ ՓԲԸ

1942-1944 թթ. հիմնադրվեց Հոկտեմբերյանի գինու գործարանը, որտեղ 60-ականների կեսերից սկսվեց նաև կոնյակի արտադրությունը։ Գործարանի հիմնադրումը նպատակ էր հետապնդում բարձրորակ խմիչքների արտադրության համար օգտագործել տեղի հումքը, իսկ ավելի կոնկրետ՝ խաղողի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Խարջի, Ոսկեհատ, գառան դմակ, Ռկածիթելի։ Հետագայւոմ այս տեսակներին ավելացել են նախ Հայաստանի այլ շրջաններից և Վրաստանից բերված Մսխալ, Կախեթ, Արենի տեսակները։


1995 թ. ձեռնարկությունը սեփականաշնորհվեց և վերանվանվեց ՄԱՊ ՓԲԸ-ի, իսկ մի քանի ամիս անց գործարանում պահածոների արտադրության սկիզբ դրվեց ։ Նույն տարվանից նաև գործարանի արտադրանքը սկսեց թողարկվել «Արամե» առևտրային մակնիշով, իր անվան համար որպես հիմք ընդունելով գինեգործության օրրաններից մեկը համարվող ուրարտական թագավորության առաջին թագավորի անունը։

Այսօր ՄԱՊ-ի առևտրային մակնիշով արտադրանքին կարելի է հանդիպել Հայաստանի բոլոր անկյուններում, ինչպես նաև արտերկրում։ Իր արտադրանքի ծավալներով և որակով ձեռնարկությունը դարձել է մեր հանրապետությունում այս ոլորտի դրոշակակիրներից մեկը։ Նորարարությունն ու անսպասելի մտահաղացումները ներկայումս ՄԱՊ-ի շարժիչ ուժն են։

ԱՐՄԱՎԻՐ ՖԵՐՄԵՐ ՓԲԸ

«Արմավիր ֆերմեր» ՓԲԸ-ն սեփականաշնորհվել և գրանցվել է 1997 թվականից։ Ընկերությունը 350 հա լճային մակերեսով ձկնաբուժական տնտեսություն է, տարատեսակ ձկների՝ կարապ, սպիտակ ամուր, լոքո, իշխան, պնդաճակատ, թառափ, արհեստական ինկուբացիայով տարեկան շուրջ 25 տոննա մանրաձկների և 50 տոննա ապրանքային ձկնարտադրությամբ։ Ընկերության լճերի ջրամատակարարումն իրականացվում է Սև ջուր գետի վրա կառուցված սեփական պոմպակայանների միջոցով։ Ընկերությունը ձկնաբուծությունն իրականացնում է բնական կերապաշարների հաշվին։ Ապրանքային իրացումն ամբողջովին կատարվում է մեր երկրում։

ՄԻԼԱՔՍ ԳՐՈՒՊ ՓԲԸ

«Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000թ.-ին, շնորհիվ համախմբված աշխատանքի` իր գործունեության կարճ ժամանակահատվածում ընկերության գործունեության հիմնական տեսակներն են դարձել կահույքի համալիր արտադրությունը, կապիտալ շինարարության իրականացումը տարբեր ոլորտներում՝ քաղաքացիական, էներգետիկ, հիդրոտեխնիկական, մետաղապլաստե և այլումինե պատուհանների ու դռների արտադրությունը, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման ու օդորակամն համալիր աշխատանքների կատարումը։

Ընկերությունը համագործակցում է մետաղապլաստե պրոֆիլներ արտադրող բելգիական ADOPEN, ջեռուցման, սառեցման և օդորակման համակարգեր արտադրող իտալական FERROL ինչպես նաև իրենց ոլորտներում առաջատար մի շարք հայրենական ընկերությունների հետ, որոնցից են «Գարի Գրուպը»«Ար և Ա»«Արշանդ»,«Սեմուրընդկո»,«Եվրոպա» ընկերությունները։

Ընկերությունը մշտապես աշխատում է պատվիրատուի շահերից ելնելով։



 

 


 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28