Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

04.04.2011

Մարրտի 2-ին ՀՀ Արմավիրի մարզ էր այցելել ՀՀ գյուղտնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ոլորտի մասնագետների եւ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ նախարարը եղավ մարզի 8 համայնքում, հանդիպում ունեցավ համայնքների բնակիչների հետ, ծանոթացավ նրանց հուզող հարցերին:

Ս.Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում գյուղացիներն իրենց մտահոգությունն արտահայտեցին ոռոգման ջրի բարձր սակագնի, վարկերի բարձր տոկոսադրույքների, գյուղտեխնիկայի եւ որակյալ սերմացուի բացակայության, ինչպես նաեւ թունաքիմիկատների ու պարարտանյութի թանկության վերաբերյալ:

Նախարարը հավաստիացրեց, որ բարձրացված բոլոր հարցերը լուծում են ստանալու, քանզի այդ ուղղությամբ արդեն պետական մակարդակով կոնկրետ քայլեր են ձեռնարկվել: Նա միաժամանակ ընդգծեց, որ գյուղացին այս տարի գյուղմթերքի իրացման խնդիր այլեւս չի ունենալու` գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված բերքն ամբողջությամբ իրացվելու է:

Նշենք, որ նույն օրը գյուղատնտեսության նախարարը ՀՀ Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունեցավ մարզի համայքների ղեկավարների հետ:

Ողջունելով ներկաներին` նախարարն ամփոփ ներկայացրեց համայնքներում ունեցած հանդիպումների արդյունքները` մասնաորապես նշելով, որ գյուղացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում նույնն էին, իսկ բողոքներն` արդարացված: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ իրենց այցերը հանրապետության մարզեր, հանդիպումները գյուղացիների հետ շարունակական են լինելու, այդիսով վեր են հանվելու ոլորտում տարիներ շարունակ կուտակված խնդիրները եւ դրանք լուծում են ստանալու:

Ս. Կարապետյանը նշեց, որ Հանրապետության նախագահի կողմից գյուղատնտեսությունը համարվել է տնտեսության զարգացման գերակա ուղղություն: Ըստ այդմ` երկրի ղեկավարի հանձնարարությամբ այսօր գյուղացուն հնարավորություն է ընձեռվել վարկ ստանալ 14% տոկոսադրույքով, որից 4%-ը պետության սուբսիդավորմամբ: Վարկը տրամադրվելու է 3 մլն դրամի սահմաններում, 2 տարի մարման ժամկետով: Վարկի տոկոսները մարվելու են այն ստանալուց 6 ամիս հետո միայն, իսկ մայր գումարը` դրան հաջորդող ամիսների ընթացքում:

Նախարարը նշեց նաեւ, որ զարկ է տրվելու տեղական արտադրության պարարտանյութի եւ թունաքիմիկատների արտադրությանը, որոնք անպայման առանձնանանալու են եւ որակական, եւ գնային առումով, իսկ գյուղտեխնիկան այսուհետ ազատվելու է տեխզննումից, բացի այդ առաջիկայում Ճապոնիայից Հայաստան է բերվելու 61 միավոր գյուղտեխնիկա եւ տրամադրվելու է գյուղացիական կոպերատիվներին, անասնագլխաքանակի բուժումն էլ այսուհետ ամբողջությամբ կազմակերպվելու է պետության միջոցներով:

Նախարարն անդրադարձավ նաեւ մկնանման կրծողների կողմից պտղատու այգիներին հասցված վնասին` նշելով, որ ոլորտի մասնագետների կողմից վնասների վերացման աշխատանքների 1-ին փուլն արդեն ավարտվել է` պատվաստվել են վնասված ծառերը: Երկրորդ փուլը սկսելու համար պետության միջոցների հաշվին ձեռք է բերվել 20 տոննա թունաքիմիկատ` <<չարիքի>> դեմ համատարած պայքար ծավալելու նպատակով:

Այնուհետեւ նախարարության աշխատակազմի անասնաբուծության եւ բուսաբուծության ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրեցին նախարարության 2011 թվականի աշխատանքային ծրագրով համապատասխան ոլորտներում նախատեսված բարեփոխումները եւ առաջիկա անելիքները: Ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր եւ դրանց մասնակցելու պայմանները ներկայացրեցին մի քանի միջազգային դոնոր կազմակերպությունների պատասխանատուներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49