Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

07.04.2011


 

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցեց Այգեկ համայնքի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցն անվանակոչվել է ազատամարտիկ Մուշեղ Մովսիսյանի անունով, ով ծնունդով այգեկցի է:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Բարձրաստիճան պաշտոնյաները` նախագահի գլխավորությամբ, շրջեցին դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքներին, աշակերտների համար ստեղծված պայմաններին:

Նշենք, որ Այգեկի դպրոցի կառուցումն սկսվել է 2007 թվականին` պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն դպրոցի արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են մոսկվաբնակ բարերար Ռուբեն Մանուկյանի օժանդակությամբ: Մ. Մովսիսյանի անվան միջնական դպրոց կհաճախի 183 աշակերտ:

Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Արեւաշատ համայնքում գտնվող <<Արաքս թռչնաֆաբրիկա>> ՓԲԸ, որտեղ արտադրական հզորությունների ավելացման նպատակով կառուցվում է մսատու թռչնի մայրական հոտի աճեցման եւ պահպանման համալիր, իսկ ս.թ. մարտին արդեն շահագործման է հանձնվել <<Արաքս թռչնաֆաբրիկա>> ՓԲԸ-ի նոր կիսաֆաբրիկատների արտադրամասը:

Հանրապետության ղեկավարը եղավ նաեւ Էջմիածնի <<Բիգա>> եւ <<Ամստեր Ֆլաուերս>> հայ -հոլանդական համատեղ ձեռնարկությունում, ծանոթացավ արտադրությանն ու աշխատանքային պայմաններին: <<Բիգա>> ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին եւ զբաղվում է բարձրորակ սունկի արտադրությամբ: Ընկերությունում օրական հավաքվում է 900-1000 կգ շամպինյոն:

Նշենք, որ ընկերությունը առաջիկայում նախատեսում է ընդլայնել արտադրության ծավալները, կառուցել նոր ջերմոցներ` լոլիկի, վարունգի եւ պղպեղի աճեցում կազմակերպելու նպատակով: Այդ կապակցությամբ 2010թվականի դեկտեբերի 21-ին <<Ամստեր Ֆլաուերս>> ընկերությունը պայմանագիր է կնքել հոլանդական <<Ամմերլաան Քոնսթրաքշն>> ընկերության հետ: Նախատեսվում է նաեւ մասնագետների վերապատրաստում:

Նշենք նաեւ, որ <<Ամստեր Ֆլաուերս>> հայ- հոլանդական ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության հիմնական նպատակը Հայաստանում ֆիտոդիզայնի եւ լանդշաֆտային դիզայնի զարգացումն է, ինչպես նաեւ Հայաստանի պայմաններին համապատասխան տնկանյութերի աճեցումն ու բազմացումը:

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը եղավ նաեւ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում` ներկա գտնվելով Շենիկի ինքնահոս համակարգ գործարկմանը: Նախքան ինքնահոս համակարգի վերականգնումը, ոռոգվել է 600 հեկտար հողատարածք, իսկ աշխատանքների ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան եւս 500 հեկտարով` ընդհանուր ոռոգելի հողատարածքները հասցնելով 1100 հեկտարի: Համաշխարհային բանկի եւ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի վերջին երկու տարիների համագործակցության արդյունքում վերականգնվել են Թալինի մայր ջրանցքի առավել քայքայված հատվածներն ու կառուցվածքները, եւ ներկայումս այն հանդիսանում է Շենիկի ինքնահոս համակարգը սնուցող հիմնական ջրաղբյուրը:

Հանրապետության ղեկավարի` Արմավիրի մարզ կատարած այցի վերջին կանգառը Արաքս համայնքն էր: Արաքսում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Արմավիրի մայր ջրանցքի տեղամաս, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Նշենք, որ ջրաղբյուրը Արաքս գետն է, իսկ ջրընդունիչի գլխամասային կառույցը, որը կառուցվել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում, ունի միջպետական նշանակություն:

Հավելենք, որ Արմավիրի ոռոգման համակարգի տակ ընկած հաշվարկային սպասարկման տարածքը կազմում է 23.900 հեկտար: Շուրջ 5.000 հա սեփականաշնորհված գյուղատնտեսական հողեր չէին ոռոգվում տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ ջրի կորուստներն էին մայր ջրանցքներում: Այդ հողերից 2.300 հա հնարավոր կլինի ոռոգել հիշյալ ծրագրի շրջանակներում` Արմավիրի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացումից հետո:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42