Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
18.04.2011
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնության Յարոսլավի եւ Մոսկվայի նահանգների պատվիրակություններին: Պատվիրակությունները գլխավորում էին ՌԴ Յարոսլավի նահանգապետի առաջին տեղակալ Վլադիմիր Կովալչուկը եւ Մոսկվայի նահանգի արտաքին տնտեսական կապերի նախարար Տիգրան Կարախանովը: Նրանք Հայաստանում են հայ-ռուսական միջռեգիոնալ համաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նրանց այցի նպատակը` մարզպետն ընդգծեց, որ ՙՆոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական հարաբերություններում՚ թեմայով համաժողովի անցկացումն անչափ կարեւոր է երկու եղբայրական պետությունների հետագա կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հայ-ռուսական միջռեգիոնալ համագործակցության ակտիվացման եւ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման տեսանկյունից: Մարզպետն այդ համատեքստում կարեւորեց նաեւ ՀՀ Արմավիրի մարզի` մինչ այս ՌԴ Յարոսլավի եւ Սվերդլովսկի նահանգների հետ ունեցած, այժմ նաեւ Մոսկվայի նահանգի հետ ձեռք բերած հարաբերությունների զարգացացմանն ուղղված կոնկրետ գործողությունների իրականացումը:
Մարզպետը հյուրերին ներկայացրեց նաեւ մարզի պատմաաշխարհագրական նկարագիրը եւ սոցիալ-տնտեսական վիճակը:
Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ ընդունելության համար` Վլադիմիր Կովալչուկը նրան փոխանցեց Յարոսլավի նահանգապետի ողջույնի եւ բարեմաղթանքի խոսքերը` միաժամանակ կարեւորելով Յարոսլավի նահանգի եւ Արմավիրի մարզի միջեւ դեռեւս 2008 թվականին կնքված փոխհամագործակցության համաձայնագրի շրջանակում ձեռք բերված հարաբերությունների կարեւոր նշանակությունը` դրանց առավել խորացման եւ հետագա զարգացման գործում:
Տիգրան Կարախանովը եւս իր գոհունակությունը հայտնեց ջերմ հյուրընկալության համար` մասնավորապես նշելով, որ իր համար մեծ պատիվ է լինել Արմավիրի մարզում եւ մասնակցություն ունենալ հայ-ռուսական միջռեգիոնալ ֆորումին: Նա ընդգծեց, որ ֆորումը միջպետական կարեւոր նշանակություն ունի եւ կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միանգամայն նոր հարաբերությունների ձեւավորմանն ու դրանց հետագա զարգացմանը` միաժամանակ հաոզմունք հայտնելով, որ երկու պետություններն էլ դեռեւս չօգտագործած ռեզերվներ ունեն, որոնք անպայման պետք է օգտագործել:
ՀՀ Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հյուրերը եղան Սարդարապատի հուշահամալիրում եւ Մայր աթոռ Ս. Էջմիածնում: