Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՙՊՈԼԻՄԵՐ ՏՐՈՒԲ՚ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԳՈՐԾԱՐԱՆԸ

27.04.2011


 

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր հանդիսավորությամբ բացվեց Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող ՙՊոլիմեր տրուբ՚ նորակառույց գործարանը: Հանրապետության ղեկավարը շրջեց գործարանում, ծանոթացավ աշխատաքային պայմաններին, ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին, ըստ որոնց նախատեսվում է գործարանի ընդլայնում եւ նոր ապրանքատեսակների արտադրություն:

Գործարանի կառուցման աշխատանքներն սկվել են 2009 թվականից` Սիրիայի քաղաքացիներ Արթին եւ Սուրեն Վարդանյանների նախաձեռնությամբ: Գործարանն արդեն իսկ սկսել է արտադրել խոշոր տրամաչափի պոլիէթիլեն խողովակներ: Վերջիններիս արտադրման հումքը ներկրվում է Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Սաուդյան Արաբիայից: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՙՊոլիմեր տրուբ՚-ի գործադիր տնօրեն Արշակ Նալբանդյանը, պոլիէթիլեն խողովակների արտադրման անհրաժեշտությունը թելադրված է այն հանգամանքով, որ սկսած 1990 թվականից` խոշոր տրամաչափի խողովակներ Հայաստանում չեն ներկրվել` չնայած տնտեսության որոշակի ճյուղերում դրանց մեծ պահանջարկին:

Արտադրված խողովակները կարող են օգտագործվել հիդրոէներգետիկայի, ոռոգման, կոյուղու եւ ջրահեռացման համակարգերում: Ըստ նախնական մոնիտորինգի` խոշոր տրամաչափի խողովակների տարեկան պահանջարկը հանրապետությունում կազմում է 80-120 կմ, որը, Ա. Նալբանդյանի վստահեցմամբ, գործարանն ունակ է ամբողջովին բավարարելու: Արտադրվող խողովակների տրամաչափերն են` 800, 1100, 1200 եւ 1400 մմ: Ըստ Ա. Նալբանդյանի` նմանատիպ խողովակների գործածության երաշխիքային ժամկետը 50 տարի է:

Պայմանագրային հիմունքներով տարբեր շինարարական կազմակերպությունների հետ համագործակցելով` գործարանի կառուցման ժամանակահատվածում աշխատել են 155 շինարար: Ներկայում գործարանում մշտական աշխատանքի են ընդունված 32 մասնագետ եւ 12 տեխնիկական աշխատող, որոնց միջին աշխատավարձը 200 հազար դրամ է: Առաջիկայում նախատեսվում է գործարանի ընդլայնում եւ նոր ապրանքատեսակների արտադրություն: Գործարանում ներդրումների ծավալը կազմել է 5,8 մլն դոլար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42