Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
28.04.2011
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին 2010 թվականի աշնանային զորակոչի արդյունքների ամփոփմանն ու 2011 թվականի գարնանային զորակոչի խնդիրներին, ՀՀ Արմավիրի մարզի դատախազության` <<Արմավիրի մարզի Խորոնք համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու մասին>> 19.04.2011թ. միջնորդագրի քննարկմանն ու սեփական եկամուտների հավաքագրման 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներին և աշխատավարձերի ընթացիկ պարտքերին:
ՀՀ Արմավիրի մարզի զինկոմիսար Գագիկ Կարապետյանը տեղեկացմամբ` 2010թ. աշնանային զորակոչի պլան-առաջադրանքը եղել է 414, և այն ամբողջությամբ կատարվել է: Ըստ նրա` գարնանային զորակոչի պլան-առաջադրանքը կազմում է 515 զորակոչիկ և արվում է ամեն ինչ` պլանային առաջադրանքը կատարելու նպատակով: ՀՀ Արմավիրի տարածքային զինկոմիսարը անդրադարձավ նաև կցագրման աշխատանքներին` նշելով, որ այն կատարվել է 71 տոկսով, որը պայմանավորված է շուրջ 150 երիտասարդի Հանրապետությունից բացակայելու փաստով:
Էջմիածնի տարածքային զինկոմիսարի պաշտոնակատար Հ.Ազատյանը տեղեկացեց, որ 2010 թվականի աշնանային զորակոչի պլան-առաջադրանքը եղել է 408 զորակոչիկ, և այն ամբողջությամբ կատարվել է: Կցագրման աշխատանքներն ըստ Ազատյանի` կատարվել է 80 տոկսով: Նրա հավաստմամբ` 2011թ. գարնանային զորակոչի պլան-առաջադրանքը ևս ամբողջությամբ կկատարվի:
ՀՀ Արմավիրի մարզպետ, Արմավիրի զորակոչային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը պատասխանատուներին կոչ արեց առավել մեծ ուշադրություն դարձնել զորակոչիկների առողջական վիճակին` ապահովելով նրանց ամբողջական բուժզննությունը: Բժշկական հանձնաժողովներին նա հանձնարարեց ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված պարտականությունները` բացառելով սխալ ախտորոշումները:
Անդրադառնալով կցագրման ցուցանիշներին` մարզպետը Աշոտ Ղահրամանյանը Արմավիրի և Էջմիածնի տարածքային զիկոմիսարներին հանձնարարեց ըստ համայնքների մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ներկայացնել չկցագրված երիտասարդների տվյալները: Նա միաժամանակ հանձնարարեց համապատասխան վարչության պետին` ամփոփել և ըստ համայնքների ներկայացնել Հայաստանից բացակայող երիտասարդների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև ապահովել համայնքների ղեկավարների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով տվյալ աշխատանքները կատարողի արդյունավետ գործունեությունը:
ՀՀ Արմավիրի մարզի դատախազության <<Արմավիրի մարզի Խորոնք համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու մասին>> 19.04.2011թ. միջնորդագրին անդրադարձավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը` տեղեկացնելով, որ համաձայն դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի` Խորոնք համայնքի ղեկավարն իր պաշտոնական դիրքն օգտագործելով կատարվել է խոշոր չափի գումարի յուրացում, որն ըստ Մանվելյանի` հիմնականում պայմանավորված է համայնքներում իրականացվող ոչ ճիշտ գործակարգավարական փաստաթղթաշրջանառության հետ:
Հարցի առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կոչ արեց համայնքների ղեկավարներին` իրենց աշխատակազմերում պարտադիր կարգով ապահովել աշխատանքային և կատարողական պատշաճ կարգապահությունը, և կադրերի` մասնավորապես հաշվապահների գրագիտությունն ու հաշվապահական հաշվառման կազմակերպումը, որպեսզի հետագայում չլինեն նմանատիպ խնդիրներ թե իրականացվող գործընթացներում, և թե քննչական մարմիններում:
2011թվականի առաջին եռամսյակի արդյունքների և աշխատավարձերի ընթացիկ պարտքերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը:
Մարզպետր կոչ արեց հավաքագրման ցած ցուցանիշներ ապահոված, ինչպես նաև աշխատավարձերի ընթացիկ պարտքեր կուտակած համայնքների ղեկավարներին բարելավել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, և մինչ մայիսի 1-ը մարել աշխատավարձերի ընթացիկ պարտքերը:
Օրակարգային հարցերի քննարկման ավարտից հետո եղան նաև հայտարարություններ: