Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ 18 ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
04.05.2011
Այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եղավ մարզի թվով 8 միջնակարգ դպրոցում, որոնք առաջիկա 2-3 ամիսների ընթացքում մասնակի կվերանորոգվեն պետբյուջեի պահուստային ֆոնդից մարզին հատկացված միջոցներով:
Շինարարական կազմակերպությունների եւ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը շրջեց դպրոցներում, ծանոթացավ շենքային պայմաններին: Տեղերում հանձնարարեց շինարարություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին նախանշված աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում եւ բարձր որակով: Նա նշեց, որ պարբերաբար լինելու է համապատասխան դպրոցներում` անձամբ հետեւելու իրականացվող աշխատանքների ընթացքին եւ հատկապես` որակին:
Դպրոցներ կատարած այցի շրջանակում մարզպետը եղավ նաեւ դասասենյակներում, դասավանդող ուսուցիչներից հետաքրքվեց աշակերտների առաջադիմությամբ եւ բացկայությունների թվով: Ուսուցիչները փաստեցին, որ աշակերտների առաջադիմությունը բավականին բարձր է, իսկ բացակայություններ գրեթե չեն ունենում: Մարզպետը կոչ արեց աշակերտներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց ուսումնառությանը, չզլանալ գիտելիքների պաշարը հարստացնելու գործում` քանզի նրանց է վերապահված երկրի ապագան: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ ոլորտի պատասխանատուները` ի դեմս Հանրապետության նախագահի, անում են հնարավորինս ամեն ինչ մատաղ սերնդի համար ուսումնառության առավել բարեկեցիկ եւ հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:
Դպրոցներում մարզպետ Ա. Ղահրամանյանը հանդիպեց նաեւ ուսուցչական կազմի հետ: Նրանց ներկայացրեց իր այցի նպատակը` մասնավորապես ընդգծելով, որ դպրոցաշինությունը գտնվում է Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում, եւ հանդիսանում է երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը: Այդ իսկ պատճառով պետական բյուջեյով նախատեսած հատկացումներից բացի, մարզին տրամադրվել է եւս 1 մլրդ 330 մլն դրամ, ոլորտում հրատապ համարվող եւ մի շարք այլ խնդիրների համապատասխան լուծում տալու նպատակով:
Ըստ այդմ, ամբողջությամբ հիմնանորոգվելու են մարզի թվով 16 միջնակարգ դպրոցի եւ մեկ նախակրթարանի տանիքները, փոխվելու են պատուհանները եւ տեղադրվելու են ջրհորդաններ, իսկ Արեւաշատի միջնակարգ դպրոցում իրականացվելու է ամբողջական հիմնանորոգում, բացի այդ, ավելացվելու է եւս 4 դասասենյակ:
Մարզպետ Ա. Ղահրամանյանը տեղեկացրեց նաեւ, որ համապատասխան կրթական հաստատություններում նախանշված շինարարակն աշխատանքների առաջին փուլի ավարտից հետո Հանրապետության նախագահի անմիջական աջակցությամբ կմեկնարկի երկրորդ փուլը`այդպիսով ապահովելով համապատասխան հաստատությունների ամբողջական հիմնանորոգումը: Մարզպետը հավաստիացրեց, որ առաջիկա 3-4 տարիների ընթացում մարզում չհիմնանորոգված եւ չգազաֆիկացված ուսումնական հաստատություններ գրեթե չեն լինի:
Ուսուցչական կազմի հետ հանդիպումնրի ժամանակ մարզպետը հետաքրքրվեց նաեւ դպրոցներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով: Ամենուր հավաստիացրեցին, որ կրթօջախներում տիրում է համերաշխություն, եւ ձեւավորված են առողջ միջանձնային հարաբերություններ:
Վերջում հավելենք, որ վերը նշված գումարով ամբողջությամբ հիմնանորոգվելու են մարզի երեք քաղաքային համայնքների` Արմավիրի, Էջմիածնի եւ Մեծամորի թվով 10 բազմաբնակարան շենքերի տանիքները, բացի այդ մարզի գյուղական համայնքներից Տարոնիկում կառուցվելու է ջրաբաշխիչ աշտարակ, իսկ Դալարիկում եւ Արաքսում հորատվելու է մեկական խորքային հոր: