Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՐԿՈՒՏԻՑ ՄԵԾ ՉԱՓԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ ՄԱՐԶԻ 27 ՀԱՄԱՅՆՔ

07.06.2011

 Հունիսի 5-ին տեղացած հորդառատ անձրեւն ու դրան հաջորդած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս են հասցրել Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի 10 եւ Արմավիրի տարածաշրջանի 17 համայնքների: Կան համայնքներ, որոնց կրած վնասի չափերը նախնական տվյալներով հասնում են 100%-ի:

Երեկ կարկտահարությունից տուժած համայնքներ են այցելել եւ տեղերում գյուղացիական տնտեսությունների կրած վնասներին են ծանոթացել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրանց կողմից արձանագրված փաստերը երեկ երեկոյան ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են հասմապատասխան պաշտոնատար անձանց:

Որոշվել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում մրցույթ հայտարարել, եւ մարզի ողջ տարածքն ապահովել անհրաժեշտ քանակությամբ հակակարկտային կայաններով:

Նախատեսվում է նաեւ մեկ տարով սառեցնել կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերի մարումը:

Այս եւ գյուղացիների հոգսը թեթեւացնելուն ուղղված մի շարք այլ հարցեր քննարկվեցին մարզպետ Ա. Ղահրամանյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը, որին մասնակցում էին կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարները եւ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները:

Համայնքապետերը թվային տվյալներով ներկայացրեցին իրենց համայնքներում կարկուտի հասցրած վնասի չափերը եւ գյուղացիների մոտ տիրող վիճակը: Նրանք կարեւորեցին նախատեսվող պետական աջակցությունը, բայց միաժամանակ ընդգծեցին, որ այդպիսով գյուղացին չի կարող վերականգնել օրեր առաջ կորցրածը, եւ բացի այդ ազատվել պետական պարտավորություններից:

Նրանք առաջարկեցին ավելացնել պետության կողմից համապատասխան համայնքապետարաններին տրամադրվող դոտացիայի չափը, որի միջոցով կփորձեն վճարել կարկտահարությունից տուժած գյուղացիների հողի հարկերը: Առաջարկ եղավ նաեւ աջակցել վերացանքավորմանը:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը նշեց, որ առաջիկա օրերի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցները կայցելեն համապատասխան համայնքներ` տեղերում ճշգրտելու գյուղացիական տնտեսությունների կրած վնասի չափերը: Նա միաժամանակ տեղեկաացրեց, որ առաջիկա օրերի ընթացքում նախատեսվում է իր հանդիպումը Հանրապետության նախագահի հետ, որի ընթացքում երկրի ղեկավարին կներկայացվի վերջին շրջանում կարկուտի հասցրած վնասի ամբողջական չափերը եւ գյուղացիների հուսալքությունն ու ակնկալիքները պետական այրերից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15