Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին դժվար պայմաններում հայտնված երեխաների հիմնախնդիրները
10.06.2011
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում հունիսի 9-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզում դժվարին պայմաններում հայտնված երեխաների հիմնախնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿ նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ, համայնքապետեր, մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրերս Ծաղկաձորում փոխվարչապետի եւ այս խոցելի խմբի հիմնախնդիրներով զբաղվող "Երեխաների պաշտպանության ցանց"-ի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել առկա խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծման հնարավորությունները քննարկելու համար ըստ մարզերի հանդիպումներ կազմակերպել:
Այս ձեւաչափով առաջին հանդիպումը Արմավիրի մարզի ներկայացուցիչների հետ էր:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ հանդիպումների այս շարքը հնարավորություն կտա մարզ առ մարզ արձանագրելու առկա խնդիրները, եղած ռեսուրսների շրջանակում ջանքերն ու հնարավորությունները համատեղելու միջոցով ունենալու ավելի նկատելի արդյունքներ: "Ուժերը համախմբելու, աշխատանքները ճիշտ բաշխելու եւ կազմակերպելու դեպքում հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքների հասնել",-նշեց նա` կարեւորելով շահագրգիռ բոլոր կողմերի` մարզպետարանի, համայնքապետերի, հասարակական կազմակերպությունների, ընկերությունների համագործակցված աշխատանքը:
Մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ները հիմնականում բարձրացրին համայնքներում սոցիալական տների, զարգացման կենտրոնների ստեղծման խնդիրը, որոնց միջոցով հնարավոր կլինի կազմակերպել խոցելի խմբում հայտնված երեխաների ուսուցումը, ժամանցը: Կարեւորվեց համայնքներում նաեւ սոցիալական աշխատողի առկայությունը, ով կայցելի ընտանիքներ, անձամբ կաշխատի նրանց հետ: Այս նպատակների համար բարձրացվեց համայնքային բյուջեներում որոշակի գումարների նախատեսման հարցը: Նշվեց կամավորության ինստիտուտը զարգացնելու անհրաժեշտության մասին: Քննարկվեցին ծայրահեղ վատ պայմաններում գտնվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հնարավորությունները:
Փոխվարչապետը բարձրացված հարցերը կարեւոր համարեց` նկատելով, որ դրանց վրա պետք է հրավիրել նաեւ հանրության, համայնքապետերի ուշադրությունը, որպեսզի խնդիրն ընկալվի որպես առաջնահերթություն: Համայնքային եկամուտների ամբողջական հավաքագրման եւ բյուջեների ծախսային ուղղություններն ըստ առաջնահերթությունների բաշխելու պարագայում, Ա. Գեւորգյանի համոզմամբ, հնարավոր կլինի շոշափելի արդյունքներ ունենալ: "Բարձրացված խնդիրներն առաջնային են եւ լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում ",- նշեց փոխվարչապետը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին