Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱՑ ԳՅՈՒՂԱՑԻԵՐԻ ՀԵՏ
13.06.2011
Սարդարապատի հուշահամալիրին հարող տարածքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիպեց կարկտահարությունից տուժած գյուղացիների հետ` նրանց ներկայացնելով հունիսի 11-ին Հանրապետության նախագահի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության արդյունքները:
Նա մասնավորոպես նշեց, որ երկրի ղեկավարի որոշմամբ կարկտահարությունից տուժած գյուղացիները նախ կազատվեն հողի հարկի վարձավճարներից, բացի այդ մեկ ամսով չեն վճարի նաեւ ոռոգման ջրի դիմաց:
Տեղեկացվեց նաեւ, որ առաջիկա ամիսների ընթացքում մարզում կտեղադրվի 17 հակակարկտային կայան` այդպիսով մարզն ամբողջությամբ պաշտպանելով կարկտահարության վտանգից, իսկ կարկտահարությունից տուժած գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում 2 հազար հեկտարի չափով վերացանքավորում իրականացնելու համար կտրամադրվի վաղահաս մշակաբույսերի սերմեր, եւ հետագայում կապահովվի ստացված բերքի ամբողջական իրացումը:
Միաժամանակ տեղեկացվեց, որ ՀՀ գյուղտնտեսության նախարաության կողմից համապատասխան տնտեսություններին կտրամադրվի ազոտային պարարտանյութ, իսկ կարկտահարությունից տուժած սոցիալապես առավել անապահով գյուղացիներին կհատկացվի 28 տոննա դիզելային վառելանյութ:
Մարզպետը նշեց նաեւ, որ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը /IFAD/ պատրաստակամություն է հայտնել աջակցելու նոր այգիների հիմնմանը:
Գյուղացիական վարկերի` մեկ տարով սառեցման մասով էլ տեղեկացվեց, որ Հանրապետության նախագահի կողմից հանձնարարվել է կենտրոնական բանկի նախագահին համապատասխան ուսումնասիրություն իրականցնել, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: