Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
26.07.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում ընդգրկված Ծիածանի, Հայթաղի եւ Արմավիրի թիվ 5 դպրոցներ, եղավ նաեւ Գեղակերտ համայնքում, ծանոթացավ 3-րդ կարգի ջրանցքի վերականգնման գործընթացին:
Վերը նշված դպրոցներում շինաշխատանքները մեկնարկել են մայիսին եւ ընթանում են սահմանված ժամանակացույցով: Համապատասխան ծրագրով Ծիածանի դպրոցին հատկացվել է 50 մլն դրամ, Հայթաղի դպրոցին` 94 մլն դրամ եւ Արմավիրի թիվ 5 դպրոցին` 90 մլն դրամ:
Փոխվարչապետը շրջեց դպրոցներում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին: Ա. Գեւորգյանին զեկուցվեց, որ բոլոր դպրոցներում շինաշխատանքները կավարտվեն մինչեւ սեպտեմբեր, եւ նոր ուսումնական տարին աշակերտները կդիմավորեն բարեկարգված դպրոցներում: Փոխվարչապետն իր խոսքում կարեւորեց ծրագրի շարունակականությունը` նշելով, որ այն հնարավորություն կընձեռի ամբողջական լուծում տալ այս փուլում ընդգրկված դպրոցներում դեռեւս առկա խնդիրներին:
Նույն օրը ՀՀ Արմավիրի մարզպետարանում Ա. Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների եւ Արմավիրի մարզում գործող ՋՕԸ-ի ղեկավարների մասնակցությամբ: "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը ներկայացրեց մինչ այժմ Արմավիրի մարզում տարբեր ծրագրերով իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Ա. Գեւորգյանը ՋՕԸ-ի ղեկավարներին հանձնարարեց անմիջական ուշադրության կենտրոնում պահել իրենց կողմից շահագործվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների որակը:
Քննարկվեցին ոռոգման ջրի արդյունավետ բաշխմանը եւ վարձավճարների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց ՋՕԸ-ի կողմից սպասարկվող ջրօգտագործողների պահանջների բավարարումը: