Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

05.09.2011

 
Սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը մարզ կատարած այցի շրջանակում նախ եղավ Մրգաշատ համայնքի մշակովի հողատարածքներում, որտեղ աճեցվում են վարունգ եւ ծաղկակաղամբ, ծանոթացավ գյուղացիների կողմից օգտագործվող «Ազոցեովիտ-1ե կենսապարարտանյութի օգտագործման արդյունավետությանը: Կառավարության ղեկավարին տեղեկացվեց, որ պարարտացման արդյունքում մասնագետների եւ ֆերմերների կողմից արձանագրվել են մշակաբույսերի վաղ հասունացում, խոշորահատիկ պտուղներ, բերքատվության ավելացում` 20-40 տոկոսով, կարկտահարությունից հետո բույսի եւ բերքատվության պահպանում:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Արմավիրի պահածոների գործարան` ծանոթացավ արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին:

Գործարանն իրականացնում է բանջարեղենի պահածոյացում, չրերի արտադրություն: Ընկերությունն արտադրում է շուրջ 20 անուն պահածոներ: Այս տարի գործարանում մթերվել է 1500 տոննա միրգ եւ բանջարեղեն, արտադրվել է 350 հազար տարա: Ընկերության արտադրանքի շուրջ 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Ներկայում գործարանն ունի 150 աշխատատեղ. հաջորդ տարի այդ թիվը նախատեսվում է հասցնել 300-ի:

<<Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման>> հիմնադրամը հաստատել է պահածոների գործարանի ներդրումային ծրագիրը, որով վերջինիս հատկացվելու է 200 մլն դրամ: Միջոցներն ուղղվելու են մթերման խնդիրների լուծմանը, գորրծարանի նախկին արտադրական հզորությունների վերականգնմանը:

Տիգրան Սարգսյանը, ով նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, Արմավիրի մարզ կատարած այցի ավարտին այցելեց նաեւ կուսակցության Արմավիրի մարզային գրասենյակ` հանդիպեց ՀՀԿ ներկայացուցիչների հետ, ինչից հետո կառավարությանա ղեկավարը քաղաքի մշակույթի տանը 110 արմավիրցիների հանձնեց կուսակցական անդամատոմսեր:

Ողջունելով կուսակցության նոր անդամներին` վարչապետը հավաստիացրեց, որ իր համար մեծ պատիվ է վերջիններիս հանձնել կուսակցական անդամատոմսեր, որովհետեւ նրանք կատարել են քաղաքական ընտրություն` այնպիսի պատսախնատու ժամանակաջրանում, երբ Հանրապետական կուսակցությունն է ստանձնել պարտավորություն` լուծելու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: <<Այսօր դժվար չէ քննադատել կառավարությանը, քանի որ իսկապես մեր երկրում առկա են լուրջ խնդիրներ: Ուրախ եմ եւ հպարտ, որ հենց այս պահին ենք մենք ընդունում կուսակցական նոր անդամներ, որոնք հավատում են Հանրապետական կուսակցությանը եւ իրենց հույսերը կապում նրա հետ: Շնորհակալություն, որ այս դժվարին պահին եք դուք կանգնում մեր կողքին եւ դա է այն ուժը, որը թույլ է տալու Հանրապետականին` ընդլայնելով իր շարքերը, մեր երկրում ապահովելով համախմբվածություն, լուծել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները>>,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանում դեռեւս գոյություն ունի աղքատության հիմնախնդիր: <<Մեզ համար անընդունելի ու անթույլատրելի է, որպեսզի հայ մարդը 21 դարում ապրելով իր հայրենիքում, լինի աղքատ: Այդ տեսակետից, մենք շատ խոցելի ենք: Գյուղացիները մեր առջեւ արդարացիորեն բարձրացնում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետությունը պարտավոր է լուծել>>,- նշեց գործադիրի ղեկավարը` միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը գտնվում է բավականին բարդ տարածաշրջանում, որտեղ առկա են լուրջ մարտահրավերներ եւ խնդիրներ, որոնք կառավարությունը հաշվի է առնում` իր ծրագրերն իրականացնելիս:

Աղբյուրը` mta.gov.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50