Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍԿՍՎԵԼ Է ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄԸ
15.09.2011
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 15-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է գործարանի Հոկտեմբերյանի մասնաճյուղում` հետեւելով խաղողի մթերման մեկնարկին:
Լրագրողների հետ զրույցում գյուղանտեսության նախարարը հայտնել է, որ հանրապետության բոլոր մարզերի գործարաններում եւս մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը:
«Այս տարի ակնկալում ենք ունենալ 222-225 հազար տոննա խաղող, եւ մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ կմնան նույնը»,- նշել է Սերգո Կարապետյանը` հավելելով, որ խաղողը պետք է մթերվի կիլոգրամի համար 130 դրամից սկսած:
«Նախարարությունը մարզպետարանների համապատասխան աշխատակիցների հետ միասին հետեւելու է մթերման ողջ գործընթացին: Մասնագետները լինելու են բոլոր մթերող կազմակերպություններում, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի պատշաճ կերպով: Վճարումները լինելու են ժամանակին: Այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանա միանգամից վճարել գյուղացուն, գումարները կվճարեն ըստ նախապես սահմանված ժամանակացույցի` պայմանագրերի հիման վրա»,- նշել է նախարարը` հավելելով, որ գյուղացու ողջ արտադրանքը կմթերվի ամբողջությամբ ու ժամանակին: