Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ
16.09.2011
Այսօր տեղի ունեցավ Երասխահուն համայնքի միջնակարգ դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Դպրոցն անվանակոչվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, որի համար հիմք է հանդիսացել Երասխահուն համայնքի միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի 2011 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետին ուղղված ուղերձը` դպրոցը նույն համայնքից Արցախյան հերոսամարտի մասնակից, զոհված ազատամարտիկ Մարտիկ Գեւորգյանի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ նրա անվամբ անվանակոչելու վերաբերյալ:
Oրը խորհրդանշվեց նաեւ դպրոցի բակում Մարտիկ Գեւորգյանի կիսանդրու բացմամբ, որը դպրոցի մուտքի առջեւ ռազմահայրենասիրական դաստիարակության բաց դասարան կդառնա եւ Արցախյան ազատամարտի դասերը կփոխանցի տարբեր սերունդների: Կիսանդրու բացման պատիվը վերապահվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին եւ Մարտիկ Գեւորգյանի որդուն: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին ազատամարտիկի կիսանդրուն եւ գլուխ խոնարհեցին նրա հիշատակի առջեւ:
Շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ` մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնավորապես ասաց.
-Արցախյան հաղթանակները կերտվել են Մարտիկի նման հայկազունների անձնազոհությամբ ու հերոսությամբ: Ապրելով խաղաղ երկնքի տակ` մենք պարտավոր ենք վառ պահել նրանց հիշատակն ու պահպանել նրանց այրամբ ձեռք բերված հաջողությունները: Այսօր Մարտիկն իր քարեղեն ներկայությամբ նոր շունչ հաղորդեց Երասխահուն համայնքին եւ հավերժեց իր ներկայությունն իր իսկ ծննդավայրի կրթօջախում: Հավերժ փառք մեր քաջարի մարտիկներին:
Օրվա առիթիվ ռազմահայրենասիրական երգերով, բանաստեղծություններով եւ պարային համարներով հանդես եկան այժմ արդեն Երասխահուն համայնքի Մարտիկ Գեւորգյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: