Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԸ ՇՈՒՏՈՎ ԵԿԵՂԵՑԻ ԿՈՒՆԵՆԱ
19.09.2011
Սեպտեմբերի 17-ին մեծ հանդիսությամբ կատարվեց Արմավիր քաղաքում կառուցվող Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնարկեքը` Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ եւ թեմի հոգեւորականների մասնակցությամբ:
ՀՀ անկախության 20-ամյա եւ Արմավիր քաղաքի 80-ամյա հոբելյաններին ընդառաջ` Արմավիրում կառուցվող եկեղեցին լավագույն նվեր է քաղաքի ազգաբնակչության համար, ովքեր իրենց հոգեւոր պահանջների բավարարումը տարիներ շարունակ ստանում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կամ հարակից բնակավայրերի եկեղեցիներում
Ներկայությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, արտերկրից ժամանած արմավիրցիների ու քաղաքի հավատավոր ժողովրդի` Արմավիրի թեմի առաջնորդը նախ լվաց 16 վեմ քարերը, սրբեց գինով, ապա օծեց մյուռոնով: Մաքրված եւ օծված վեմ քարերը նորակառույցի հիմքում դրեցին 16 կնքահայրերը, որոնք խորհրդանշում էին տասներկու առաքյալին եւ չորս ավետարանչին: Հիմնարկեքի օրհնությունը կատարվեց վերջիններիս եւ Գրիգոր Լուսավորչի անուններով:
Սբ. Սարգիս եկեղեցու կառուցվումը հովանավորում է ծնունդով արմավիրցի Կարեն Մկրտչյանը, ով երկու տասնամյակից ավել է, ինչ բնակվում է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում եւ տեղի Հայ Աառաքելական Եկեղեցու ատենապետն է: Նրա խոսքով` իրականություն դարձավ իր տարիների երազանքը, որը հնարավորություն կտա ժողովրդին համախմբվել բարոյական ու քրիստոնեական արժեքների շուրջ, որոնց կրողը եւ փոխանցողը մեր դեպքում Հայ Առաքելական Եկեղեցին է:
Օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր հղեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: