Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ
22.09.2011
Տոնական օրը մարզկենտրոն Արմավիրում մեկնարկեց Արցախյան հերոսամարտում նահատակվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, համայնքապետեր, արցախյան հերոսամարտի մասնակիցներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, աշխատանքային կոլեկտիվներ, կրթօջախների սաներ եւ քաղաքի հարյուրավոր բնակիչներ:
Արցախյան հերոսամարտում նահատակված մարզի 423 քաջերի հիշատակը հարգելուց հետո ներկաները ուղեւորվեցին քաղաքի մշակույթի տուն, որտեղ կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստը:
Մինչ հանդիսավոր նիստը կսկսվեր` հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը եւ ներս բերվեց հայոց հպարտություն եռագույնը:
Այնուհետեւ ներկաներին օրվա կապակցությամբ շնորհավորեց ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը` մասնավորապես ասելով, որ Հայոց պետականությունն առաջին հերթին հայ ժողովրդի ինքնադրսեւորման, մտքի, հոգու բացահայտման միջոց է: Եվ արդեն իրականություն է դարձել մեր դարավոր երազանքը, անկախ, ինքնիշխան ապրելու մեր իրավունքը, որը պետք է անսասան պահել:
Իր խոսքում նա անդրադարձավ պետության գերակա խնդիրներին` մասնավորապես ախքատության հաղթահարմանն ու մարզերի համաչափ զարգացմանը:
Նա նշեց նաեւ, որ Արմավիրի մարզն իր դերն ունի մեր երկրի, հանրապետության զարգացման կյանքում եւ իր համար հաճելի է գտնվել Արմավիրի մարզում ու Հանրապետության Նախագահի եւ Անվտանգության խորհրդի կողմից շնորհավորանքի խոսք հղել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ մաղթել բոլորին քաջառողջություն, հետեւողականություն, պատասխանատվության զգացողություն ու համազգային նպատակների իրականացում:
Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքով եւ ՀՀ Արմավիրի մարզի` վերջին 20 տարիների գոյության ընթացքը ներկայացնող զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նախ շնորհավորելով բոլորին Հայաստանի Հանրապետության անխախության 20-ամյա հոբելյանի առթիվ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց.
-Հիրավի այս տոնը մեր ազգային պետական տոնացույցում ամենակարեւոր ու նվիրական տոնն է: Սա ազգային հպարտության տոն է:
Սա մի տոն է, որն ունենալու փափագը կրել են մեր ժողովրդի բոլոր սերունդներն առանց բացառության, եւ որն ունենալու բախտն ու պատիվը մեզ վիճակվեց:
Ժողովուրդների կյանքում միշտ լինում են այնպիսի վճռական պահեր, երբ անհրաժեշտությունը ծնում է հզոր գաղափարներ իրականացնող ուժեղ անհատներ, որոնք ի զորու են ժողովրդին առաջնորդել:
Եվ աստվածային բարեհաճություն է, երբ ժամանակը, ժողովուրդը եւ առաջնորդները գտնում են իրար: Դա եղավ մեզ` հայերիս հետ, 20-րդ դարի վերջին:
Այն դարի, որի սկզբին կասկածի տակ էր դրված հայի` որպես տեսակի գոյությունն ընդհանրապես:
Նույն դարի վերջում` համախմբված ազգային գաղափարների շուրջ, կազմակերպվեց, բռունցքվեց հայ ժողովուրդը, եւ 1991թ. սեպտեմբերի 21-ին ձեռք բերեց այսուհետ ազատ, անկախ ապրելու իր իրավունքը:
Այն չնվիրվեց մեզ, ինչպես թվում է շատերին, այլ նվաճվեց բազում մարդկային կյանքերի գնով, բազում զրկանքներով, նեղություններով ու կորուստներով, ոգեւորություններով ու հիասթափություններով, կյանքի ու կացութաձեւերի արագ ու սրընթաց, հաճախ ավերիչ փոփոխություններով, հին գաղափարների ու արժեհամակարգերի կործանմամբ ու նորերի ձեւավորմամբ:
Իր խոսքը մարզպետն ավարտեց Հանրապետության Նախագահի այն մտքով, որ <<Այսուհետ այլեւս անկախությունը հայ ժողովրդի բախտն է ու ճակատագիրը, անկախությունը նրա պատասխանատվությունն է ու ուժը, անկախությունը նրա ուժն է եւ իրավունքը` արդեն անքակտելի ու հավերժական, քանզի արտահայտված է համազգային կամքով ու նվաճված է համազգային ցանկությամբ>>:
ՀՀ Արմավիրի մարզպետի զեկույցը` մարզի` վերջին 20 տարիների գոյության ընթացքի վերաբերյալ:
Օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Հանրապետության Նախագահի կողմից շնորհված պետական պարգեւներ հանձնեց պետության առաջընթացի գործում իրենց ավանդը ներդրած մի շարք բնագավառների 13 ներկայացուցչի:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի եւ անկախ հայրենիքի կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին արժանացան ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Ռազմիկ Տոնոյանը, Արմավիրի Երկրապահ կամավորական միության նախագահ Աշոտ Խաչատրյանը եւ <<Տիգրան Մեծ>> ռազմամարզական վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանը:
Մարզպետի կողմից դրամական խրախուսանք հանձնվեց նաեւ Արցախյան հերոսամարտի վեց վետերանի եւ չորս զոհվածի ընտանիքի:
Հանդիսավոր նիստի ընթացքում շնորհավորական ելույթներ ունեցան նաեւ Արմավիրի եւ Էջմիածնի քաղաքապետերն ու կրթության, առոջապահության եւ մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ:
Տոնական օրը եզրափակվեց համերգային ծրագրով, որին հաջորդեց հրավառությունը: