Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՈՐԾԱՐԿՎԵՑԻՆ ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՅՔԵՐԸ
26.09.2011
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ 10-ը մարզպետարանների ամբողջությամբ արդիականացված կայքերի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ստիվեն Բրագերը, մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներն ու ՏՏ պատասխանատուները, ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, ''Հելիքս կոնսալտինգ'' ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը եւ մի շարք հյուրեր, հրավիրվածներ:
Նոր կայքերը պատրաստվել են <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> ՀԿ-ի կողմից իրականացվող <<Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց>> ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Շնորհանդեսին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց. <<Ստեղծվել են բավականին մեծ հնարավորություններով տեղեկատվական ռեսուրսներ: Օգտագործելով ժամանակակից տեղեկատվական լուծումները` հնարավոր է դարձել տվյալ մարզի եւ համայնքի մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Մենք հուսով ենք, որ կայքերը գործուն կլինեն, կապահովեն հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ ոչ միայն մարզպետարանների, այլեւ համայնքների ղեկավարների եւ ավագանու որոշումներին` այդպիսով նպաստելով նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը>>:
Իր եւ հանրապետության մյուս մարզպետների կողմից ծրագրի հեղինակներին շնորհակալություն հայտնեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` միաժամանկ նշելով, որ արդիականացված կայքերը կխթանեն մարզպետարնների գործունեության հրապարակայնության բարձրացմանը եւ հանրային իրազեկման աշխատանքների առավել թափանցիկ կազմակերպմանը: Ըստ նրա` կայքերը լավագույնս կնպաստեն նաեւ պետական կառավարման համակարգի եւ հանրության առավել արդյունավետ շփումների ապահովմանը:
<<Հայաստանը ձգտում է բարելավել իր էլեկտրոնային կառավարման համակարգերը: Այդ կարեւոր հարցում պատիվ ունեցանք օժանդակել մարզպետարանների համար տեղեկատվության ազատության միջազգային չափանիշներին եւ մասնավորապես ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան միանման կայքերի մշակմանը>>,- իր խոսքում նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ստիվեն Բրագերը:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը կարեւորեց այն փաստը, որ այս արդիականացված ռեսուրսները լայն հնարավորություն են ընձեռում մարզպետարններին կատարել իրենց պարտականությունները, որն է` սեփական նախաձեռնությամբ հանրության համար մատչելի դարձնել իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկությունները: Շուշան Դոյդոյանի խոսքով` կայքում հրապարակված են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարեւորություն ունեն: Կայքի այցելուները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության օրենսդրությանը, ինչպես նաեւ առցանց հետեւել իրենց հարցումներին, նամակ-դիմումներին:
Կայքերը մշակել եւ պատրաստել է <<Հելիքս կոնսալտինգ>> ընկերությունը: