Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

02.10.2011

Հոկտեմբերի 1-ը մարզկենտրոն Արմավիրի համար նշանավորվեց երկու կարեւոր իրադարձությամբ. նույն օրը նշվեց արդեն ավանդական դարձած Բերքի տոնը եւ Արմավիր քաղաքի հիմնադրման 80-ամյա հոբելյանը:

Տոնական միջոցառումներն արմավիրցիների հետ նշելու էին եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր, հրավիրվածներ: Վերջիններիս մարզկենտրոնում դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով:

Մարզի վեց տասնյակից ավել համայնքներ, արմավիրցուն հատուկ հյուրասիրությամբ, առատ սեղաններ էին բացել քաղաքային հրապարակում` լի բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ միջոցառմանը մասնակից հյուրերը մոտեցան բացված սեղաններին, հյուրասիրվեցին ու բարեմաղթեցին հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներին ու տեղական ինքնակառավարման մարմինների առաջնորդներին:

Բերքի տոնին հաջորդեց Արմավիր քաղաքի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստը, որը բացվեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիկոպոս Ադամյանի օրհնության խոսքով ու տերունական աղոթքով:

Շնորհավորելով քաղաքի 80-ամյա հոբելյանը` Տեր Սիոն եպիկոպոս Ադամյանը նշեց, որ հայկական թագավորության 1-ին մայրաքաղաք հանդիսացող պատմական Արմավիրը, որը պատմահայր Խորենացու վկայությամբ հիմնադրել է Հայկ Նահապետի թոռ Արամայիսը, այսօր առավել երիտասարդացած ու հպարտությամբ է տոնում իր տարեդարձը, տոն, որն ըստ նրա, նախ եւ առաջ արմավիրցունն է, ով շունչ ու հոգի է հաղորդում քաղաքին եւ նպաստում է նրա շենացմանը:

Նա ուրախությամբ փաստեց, որ քաղաքի հոբելյանական տարեդարձը նշանավորվել է նաեւ Արմավիրում կառուցվող եկեղեցու հիմնարկեքով, որով համայնքը կստանա իր ամբողջական պատկերը, աստվածային կնիքն ու աստվածային ներկայությունը:

Ամփոփելով իր խոսքը` Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը հաստատունության, միաբանության, խաղաղության պահպանման կոչ արեց բոլորին` մաղթելով, որ միշտ լինեն Աստծու սիրով ու Սուրբ հոգու զորությամբ տոգորված:

Հարազատ քաղաքի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ իր ողջույնի եւ շնորհավորանքի խոսքը հղեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Քաղաքին մաղթելով շենացում եւ հզորացում, ազգաբանկչությանը` երջանիկ, խաղաղ ու բարեկեցիկ օրեր` Ռ. Խլղաթյանն ընդգծեց, որ ցանկացած հոբելյան անցած ուղու, արածի ու չարածի, ձեռքբերման ու բացթողման հանրագումարի խորհուրդ է պարունակում: Նրա խոսքով` այս դեպքում այդ հանրագումարն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ քաղաքի հոբելյանը պատասխանատվության ու պարտքի նժարին մի պարտավորեցնող քար է, որը յուրաքանչյուր սերունդի անդադրուն աշխատանքի ու ներդրման կշիռն ունի:

Ըստ նրա` 1931թ. հիմնադրված քաղաքն իր զավակների տքնաջան աշխատանքի շնորհիվ երբեմնի ամայի ու անհրապույր վայրից դարձել է գեղեցիկ, ինքնատիպ եւ հանրապետության ծաղկուն քաղաքներից մեկը: <<Երիցս փառք ու պատիվ Արմավիրի տարեգրության բոլոր այն նվիրյալներին, արարող ու ստեղծող այն զավակներին, ովքեր իրենց կամքով ու ջանքով կերտեցին քաղաքի պատմությունը>>,-նշեց քաղաքապետը;

Նա ըստ բնագավառների փաստեց վերջին հինգ տարիներին քաղաքում կատարված ներդրումներն ու ունեցած ձեռքբերումները` դրանցում կարեւորելով Հանրապետության Նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, կառավարության եւ Արմավիրի մարզպետի ունեցած գործուն աջակցությունն ու դերակատարությունը:

Քաղաքապետն իր խոսքում հավաստիացրեց, որ քաղաքի հետագա հաջողություններին ու ձեռքբերումներին են միտված քաղաքապետարանի, նրա ենթակայությամբ գործող կառույցների եւ ավագանու ջանքերը, քանզի վերջիններիս նպատակն է Արմավիրը տեսնել առավել շեն ու բարեկարգ, իսկ արմավիրցուն` ստեղծողի եւ վաստակողի ինքնագոհությամբ:

Տոնական օրվա առթիվ ողջույնի եւ շնորհավորանքի խոսք հղեց նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ցանկանալով, որ Արմավիրը, չնայած իր պատկառելի տարիքին, միշտ մնա երիտասարդ քաղաք եւ նաեւ երիտասարդների քաղաք, որտեղ ապրելը հաճելի կլինի բոլոր տարիքի արմավիրցիների համար:

Մարզպետն իր խոսքում անդրադարձավ նաեւ քաղաքի առանձնահատկություններին եւ խնդիրներն, որոնց լուծման հարցում, ըստ նրա` մարզային իշխանությունների կողքին են միշտ եղել Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը, եւ մարզի մեծ ու փոքր հոգսերը լավագույնս իմացող եւ դրանց լուծման գործում ջանք չխնայող տարածքային կառավարման նախարարությունը:
 

Նրա խոսքով` մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակում վերջիններիս կողմից ցուցաբերվող գործուն աջակցության շնորհիվ է, որ լուծում են ստանում մի շարք հրատապ խնդիրներ, որոնք թույլ են տալիս հաջողություններ արձանագրել ու հայտարարել, որ Արմավիրի մարզը հետեւում է թողել անկախության առաջին տարիների դժվարություններն ու բռնել կայուն, հաստատուն քայլերով, դեռեւս դանդաղ, բայց վճռական առաջ գնալու ուղին:

Անկախ զբաղեցրած դիրքից, մարզի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու, հաջողություններով ու ձեռքբերումներով ուրախանալու եւ ի նշան հավերժ բարեկամության ու երախտագիտության, ինչպես նաեւ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ավանդի` մարզպետն իր եւ մարզի ազգաբնակչության անունից շնորհակալություն հայտնեց մարզի լավագույն բարեկամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ նրան պարգեւատրեց Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացու ոսկե հուշամեդալով:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար եւ միաժամանակ շնորհավորելով քաղաքի հոբելյանը` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ քաղաքում իրոք տիրում է տոնական տրամադրություն, ժողովուրդն ուրախ է եւ միասնական: Նա համոզմունք հայտնեց, որ արդեն 90-ամյա հոբելյանին քաղաքը կլինի միանգամայն բարեկարգ, իսկ ազգաբնակչությունը սոցիալապես առավել ապահով:

Հանդիսավոր նիստն ամփոփվեց քաղաքի արվեստի դպրոցի եւ մշակույթի տան սաների պարային եւ երաժշտական կատարումներոով: Իսկ հոբելյանական օրը մարզկենտրոն Արմավիրում եզրափակվեց տոնական համերգով ու հրավառությամբ:

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49