Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Էջմիածնի տոնին

11.10.2011

Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտից Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում տոնական տրամադրություն էր տիրում։ Քաղաքը նշում էր իր 2696-ամյակը։ Էջմիածնի քաղաքապետի նախաձեռնությամբ արդեն 3 տարի այդ օրը նշվում է որպես Էջմիածին քաղաքի տոն։ Դա այն օրն է, երբ Մեսրոպ Մաշտոցը նորագյուտ գրերը բերեց Վաղարշապատ։
Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա այցելեց վերջերս հիմնանորոգված Հովհաննես Հովհաննիսյանի տուն թանգարան, որտեղ ծանոթացավ իրականացված աշխատանքներին, դիտեց թանգարանի ցուցադրությունները։
Թանգարանի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին Սերժ Սարգսյանին այն աջակցության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ զգալիորեն բարելավել թանգարանային պայմանները։ «Մենք խնդրել ենք Էջմիածնի քաղաքապետին օգնելու տուն-թանգարանի վերանորոգման հարցում։ Նա էլ դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, ով անմիջապես արձագանքել է խնդրանքին, եւ տուն-թանգարանը ամբողջությամբ վերականգնվել է. նորոգվել են սենյակները, շենքը երեսպատվել է»,-ասաց տուն-թանգարանի տնօրեն Գայանե Գալստյանը՝ նշելով, որ մինչ այդ թանգարանը վերանորոգվել է 1972 եւ 1978 թվականներին։
Այնուհետեւ երկրի ղեկավարը հարգանքի տուրք մատուցեց արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դնելով Արցախի հերոսամարտին նվիրված հուշարձանին։
Այցերին հաջորդեց Էջմիածնի 2696-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, տոնական օրվա առթիվ շնորհավորելով բոլոր ներկաներին, նաեւ շնորհակալություն հայտնեց երկրի նախագահին եւ բարձրագույն իշխանություններին քաղաքի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար։ Նա տեղեկացրեց, որ Էջմիածնի ավագանու որոշմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արժանացել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչման։ Հանրապետության ղեկավարը նախ շնորհավորեց բոլոր էջմիածինցիներին, ապա իր շնորհակալական խոսքում ասաց. «Այս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալն ինձ համար մեծ պատիվ է։ Մեծ պատիվ է, որովհետեւ Էջմիածինը նախ համայն հայության հոգեւոր կենտրոնն է, երկրորդ՝ Էջմիածինը մեր հազարամյա պատմություն ունեցող հայրենիքի մայրաքաղաքներից մեկն է, եւ երրորդ, որ պակաս կարեւոր հանգամանք չէ, մեր անկախության կերտման գործում էջմիածինցիների վաստակը շատ մեծ է։ Էջմիածնի զավակները մեր հայրենիքի պաշտպանության գործում անգնահատելի դերակատարություն են ունեցել։ Ուզում եմ բոլորիդ շնորհավորել նաեւ մեր ֆուտբոլի հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, թե ինչի կարող ես հասնել, երբ ջանքերը համատեղում ես, ունես նպատակ եւ դեպի այդ նպատակը գնում ես հաստատուն քայլերով»։
Նա խոսեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած պետական այցի արդյունքների մասին։ Նշելով, որ Ֆրանսիան Մեծ ութնյակի եւ նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է՝ ՀՀ նախագահն ասաց, որ այդ երկրի ղեկավարի Հայաստանում արված հայտարարությունները չեն կարող պահի տակ ասվել կամ ինչ-որ մեկին դուր գալու համար։
«Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, թե ինչպես էին երեք տարի առաջ մեզ փորձում մեղադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելու համար։ Եվ ամենամեծ մեղադրանքներից մեկն այն էր, որ այդ նախաձեռնությամբ մենք կասկածի տակ ենք դնում Հայոց ցեղասպանության խնդիրը, փլուզում ենք ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը։ Ինչպես կյանքը ցույց տվեց՝ այդ մեղադրանքները ոչինչ չարժեին այն ժամանակ։ Կարծում եմ հիմա մեր հայրենակիցները հասկացան, որ այդ մեղադրանքները որեւէ հիմք չունեն»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Ներկաներին շնորհավորական խոսք հղեց նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։
Օրվա առիթով տեղի ունեցան բազմաթիվ այլ միջոցառումներ։ Դրանցից մեկը Էջմիածնի պետական քոլեջի վերանորոգված հանրակացարանի բացման արարողությունն էր։ Հավաքվածներին ողջունեց Էջմիածնի քաղաքապետը՝ ասելով, որ շատ ուրախ է քաղաքի տոնը սկսել նորամուտով եւ բնակիչներին հանձնեց իրենց նոր բնակարանների բանալիները։ «Այսօր սա իրականություն է դարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությամբ, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում»,- ասաց քաղաքապետը։
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հիմնանորոգված հանրակացարանի բացման ժամանակ ընդգծեց, որ շենքը եղել է կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում, ու բնակիչները նախագահի՝ Էջմիածին այցելության ժամանակ խնդրել են, որ այն որպես սեփականություն հանձնվի իրենց։ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ շենքը նվիրվել է համայնքին, այնուհետեւ նախագահի հանձնարարությամբ շենքը նաեւ վերանորոգվել է, ամրացվել եւ հանձնվել բնակիչներին։
Տոնական քաղաքում հնչում էր երաժշտություն, մարդկանց ձեռքին դրոշներ էին, փուչիկներ։ Կազմակերպվել էր հանդիսավոր շքերթ, որին մասնակցում էին ԵԿՄ միության վետերաններն ու պատանի սաները, Էջմիածնի երգի, պարի խմբերը, Էջմիածնի մարզիկները՝ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մասնակիցներ։ Շքերթի ժամանակ հրապարակով անցան նաեւ «Մեսրոպ Մաշտոցը», «Վռամշապուհ» արքան, «Սահակ Պարթեւը», հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսներ։ Էջմիածնի բնակչուհի Էլեոնորան, շնորհավորելով իր համաքաղաքացիներին տոնի կապակցությամբ, ցանկացավ, որ իր սիրելի քաղաքը հարատեւի եւ շատուշատ նմանատիպ տոներ կազմակերպվեն, որպեսզի մարդիկ ուրախ լինեն։ «Քաղաքի օրը նշանակալի է մեզ համար, սակայն այն հատկապես մեծ տոն է մանուկների համար»,-ասաց նա՝ մատնացույց անելով իր չորսամյա թոռնիկին, ով ուրախ ծափահարում էր, երբ հրապարակով անցնում էին մուլտֆիլմերի իր սիրելի հերոսները։ Երեւանի տնտեսագիտական համալսարանի ուսանողներ, համակուրսեցիներ Շուշանը, Տաթեւը եւ Անին, ինչպես եւ շատ շատերը, նույնպես շտապել էին հրապարակ՝ ներկա գտնվելու տոնակատարությանը։ Նրանք իրենց ծննդավայր Էջմիածինը համարում են աշխարհի ամենալավ քաղաքը եւ եւ համոզված են, որ գնալով քաղաքը ավելի է զարգանալու։
Միջոցառման ընթացքում ներկաներին ուղղված շնորհավորական խոսքով հանդես եկավ Էջմիածնի քույր քաղաք Պետրոզավոդսկի քաղաքապետ Նիկոլայ Լեւինը։
Օրը ավարտվեց Կոմիտասի անվան հրապարակում՝ համերգով եւ հրավառությամբ։

hhpress.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08