Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին առաջիկա օրերին կայանալիք Հայագրոֆորումին և Գյուղատնտեսի օրվան վերաբերող հարցեր
13.10.2011
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզի համայնքապետերը, ֆերմերային տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների ղեկավարներն ու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները, քննարկվեցին հոկտեմբերի 14-16-ը Երևանում տեղի ունենալիք «Հայագրոֆորում» խորագրով միջազգային գյուղատնտեսական համաժողովին և հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ նշվող Գյուղատնտեսի օրվան վերաբերող մի շարք մանրամասներ:
Խոսելով համաժողովի մասին` մարզպետ Ա. Ղահրամանյանը նշեց, որ այն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, որին մասնակցելու է 1200 ֆերմերային տնտեսություն Հայաստանից և 40 հայ ազգի ֆերմեր սփյուռքից:
Ըստ նրա` համաժողովը բացառիկ հնարավորություն կընձեռի հայաստանյան և տարբեր երկրներից ժամանած ֆերմերներին և գործարարներին ներկայացնելու սեփական արտադրությունն ու մատուցվող ծառայությունները, հաստատելու փոխշահավետ համագործակցություն և ծանոթանալու ոլորտի նորարարություններին ու գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձին: Նա տեղեկացրեց նաև, որ համաժողովի շրջանակներում կազմակերպվելու են մասնագիտական կլոր-սեղան քննարկումներ:
Մարզպետն ակտիվ մասնակցության կոչ արեց համաժողովին Արմավիրի մարզը ներկայացնող համայնքապետերին, ֆերմերներին և գործարարներին:
Նա անդրադարձավ նաև մարզի մասնակցությանը Գյուղատնտեսի օրվան նվիրված միջոցառմանը: