Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եկեղեցու վերաօծում և Մաճառի տոն` Մրգաշատ համայնքում

17.10.2011

Մրգաշատ համայնքում հոկտեմբերի 15-ին կրկնակի տոն էր. համայնքում վերաօծվեց Սուրբ Աստվածածաին եկեղեցին և նշվեց ավանդական դարձած Մաճառի տոնը:

Տոնական օրը մրգաշատցիների հետ կիսեցին նաև Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորները, հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու մի շարք բարձրաստիճան հյուրեր, հրավիրվածներ:

Մրգաշատցիները հյուրերին դիմավորեցին համայնքի հրապարակում` բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, աղ ու հացով: Հրապարակն ամբողջությամբ տոնական հանդերձանքի մեջ էր, ուր համայնքի երկու դպրոցը ներկայացնող տարբեր դասարաններն ու համայնքապետարանը բացել էին Արարատյան դաշտավայրի կոլորիտն ամբողջացնող տասնյակ սեղաններ` լի բերք ու բարիքով, տարատեսակ ուտեստներով ու աղանդերով և, իհարկե, օրվա խորհրդանիշ հանդիսացող մաճառով ու գինով:

Մինչ մաճառի տոնախմբությունը կմեկնարկեր` տեղի ունեցավ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը` Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևորականների մասնակցությամբ:

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է դեռևս 1860-ական թվականներին և օծվել` 1900 թվականին: Սակայն Խորհրդային Միության տարիներին եկեղեցին դադարել է գործել: 2007 թվականից համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանի և համայնքի ազգաբնակչության ջանքերով և անմիջական աջակցությամբ սկսվել է եկեղեցու վերանորոգումն ու բարեկարգումը:

Եվ ինչպես եկեղեցու վերաօծման արարողությունից հետո ներկաներին և համայնքի ողջ ազգաբնակչությանն ուղղված իր խոսքում նշեց Արմավիրի թեմի առաջնորդը` այսուհետ Հայ եկեղեցու արարողություններն ու հարազատ ավանդույթները կդառնան նաև Մրգաշատ համայնքի բնակիչների ամենօրյա կյանքի մի մասը և, որն ամենակարևորն է, հոգևոր վերանորոգության շունչ կհաղորդեն նրանց:

Եկեղեցու վերաօծանը հաջորդեց համայնքի տոնացույցում վերջին 10-ը տարներին ամրագրված Մաճառի տոնը, որը տարիներ շարունակ նշվում է հոկտեմբեր ամսի 2-րդ տասնօրյակում, որին նախորդող 15 օրերի ընթացքում էլ պատրաստվում է օրվա խորհրդանիշ հանդիսացող մաճառը և տոնակատարության օրը համայնքի հրապարակում բացված առատ սեղանների շուրջ մատուցվում է տոնակատարության մասնակիցներին:

Ձևավորված ավանդույթի համաձայն` համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և տոնակատարության մասնակիցները մոտեցան բացված սեղաններին, օգտվեցին հյուրասիրությունից և բաժակ բարձրացրեցին մրգաշատցիների բարեկեցության, նրանց ապագա հաջողությունների ու Հայաստանի շենացման համար:

 ՀՀ Արմավիր մարզի Մրգաշատ համայնքի բնակչության բարեկեցության բարելավմանն ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, համայնքում ծիսական ավանդույթներ ձևավորման ու հայ ժողովրդի հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած ավանդի համար Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորդ Դանիելյանն արժանացավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին:

Տոնական օրվա կապակցությամբ մրգաշատցիներին ուղղված իր խոսքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախ նշեց, որ թեպետ տարին անբարենպաստ էր գյուղատնտեսության համար, և մարզի 2 տասնյակից ավել համայնքներ, այդ  թվում նաև Մրգաշատ համայնքը, զգալի վնասներ կրեցին կարկուտի հետևանքով, սակայն փառք ու պատիվ  հողի բազմավաստակ մշակներին, որոնք չընկճվեցին և շարունակեցին կռիվ տալ հողի հետ և բարիք արարել: Ըստ նրա` հենց դրա արդյունքում է, որ մարզում գյուղատնտեսական տարին ամփոփվում է գյուղմթերքի արտադրանքի 30-35 տոկոս աճով: Նա իր խոսքում ընդգծեց, որ գյուղը, գյուղացին գտնվում են Հանրապետության Նախագահի և ոլորտի պատասխանատուների անմիջական ուշադրության և հոգածության կենտրոնում և ի տես բոլորիս` իրականացվում են մի շարք ծրագրեր` ուղղված գյուղի զարգացմանն ու գյուղացու կենսամակարդակի բարելավմանը:

Անդրադառնալով տոնական օրվան` մարզպետը նշեց, որ այն հիշարժան և առանձնահատուկ է համայնքի համար հատկապես Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբացմամբ, որը հնարավորություն կտա Մրգաշատի հավատավոր ազգաբնակչությանը աղոթքներ հղելու առ Աստված և հաղորդակցվելու իրենց հայրերի սրբազան հավատքին` իրենց իսկ համայնքի հոգևոր տանը:

Մաճառի տոնն ըստ մարզպետի` գյուղացու քրտնաջան աշխատանքի և ստեղծած բարիքի հանրագումարի խորհուրդն է պարունակում իր մեջ, և նա մաղթեց, որ գյուղացու չաչարանքը, հողի հետ ամենօրյա կռիվը միշտ արդարացված լինի, և գյուղատնտեսական տարին յուրաքաքանչյուրն ամփոփի ցանկալի արդյունքներով:

Ավարտելով իր խոսքը` նա հոգով ամրանալու, ազգային արժեքների ու ավանդույթների շուրջ համախմբվելու կոչ արեց ներկաներին` նրանց մաղթելով առողջ ու երջանիկ օրեր:

Տոնական օրը Մրգաշատում շարունակվեց մատաղօրհնությամբ, ազգային երգ ու երաժշտությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49