Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագիր և հաղթանակած գավաթ` ի նշան երախտագիտության
20.10.2011
Արման Փիրոյանը, ով ծնվել և ապրում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղական համայնքում, 14 տարի է, ինչ զբաղվում է բազկամարտով: Այս տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և’ Հայաստանում, և’ աշխարհի տարբեր երկրներում` զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: Արման Փիրոյանը մրցում է ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքով:
Նա Արմավիրի մարզի Բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է ու մարզային հավաքականի գլխավոր մարզիչը:
Վերջերս Բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված Հայաստանի բազկամարտի առաջնությանը, որին մասնակցել և 7 քաշային կարգում իրենց ուժերն են չափել մինչև 18 և ավելի տարիքի` մայրաքաղաքը, մարզերը և Լեռնային Ղարաբաղը ներկայացնող 350-ից ավել մարզիկներ, Արման Փիրոյանի սաները թիմային պայքարում զբաղեցրել են 2-րդ տեղը` արժանանալով 6 ոսկե, 9-ը արծաթե և 5 բրոնզե մեդալների: Իսկ անհատական պայքարում, նրա սաներից Արթուր Պողոսյանը համապատասխան տարիքային և քաշային կարգում զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը: Հարկ է նշել, որ նույն առաջնությանն անհատական պայքարում մասնակցություն է ունեցել նաև Արման Փիրոյանը` իր տարիքային և քաշային կարգում դարձյալ զբաղեցնելով 1-ին պատվավոր հորիզոնականը:
Արման Փիրոյանն այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցած ընդունելությանը վերջինիս փոխանցեց ՀՀ Բազկամարտի ֆեդերացիայի շնորհակալագիրը և վերը նշված առաջնությունում իրեն շնորհված ոսկե մեդալն ու խորհրդանշական գավաթը` Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Արմավիրի մարզում, բազկամարտ մարզաձևի զարգացմանն ուղղված նշանակալի ավանդի համար:
Մարզպետը շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար և կարևորելով մեր երկրում սպորտաձևի զարգացումը` նշեց, որ առաջիկայում ևս իր ուշադրության կենտրոնում կպահի Արմավիրի Բազկամարտի ֆեդերացիայի գործունեությունն ու կխրախուսի մարզի պատիվը բարձր պահած մարզիկներին: Նա նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթեց Արման Փիրոյանին և նրա սաներին: