Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Ոսկեհատ համայնքի Մաշտոցի թաղամասի թիվ 31 վթարային շենքի բնակիչներին
02.11.2011
![](http://armavir.mtad.am/files/n_pics/715_s.jpg)
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց մարզի Վաղարշապատի տարածաշրջանի Ոսկեհատ համայնքի Մաշտոցի թիվ 31 բազմաբնակարան վթարային շենքի բնակիչներին: Ընդունելությանը ներկա էին նաև Ոսկեհատ համայնքի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը:
Նշված բազմաբնակարան շենքը 1994 թվականից համարվում է 3-4 աստիճանի վթարային և այս պահին քանդման ենթակա է: Այստեղ երբևէ ամրացման կամ մասնակի վերականգնման աշխատանքներ չեն իրականացվել:
Խնդրով մտահոգված բնակիչները բազմիցս դիմել են տարբեր ատյանների, այդ թվում` մարզային իշխանություններին: Եվ ինչպես նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` խնդրին տեղեկանալու առաջին իսկ օրից, այն միշտ գտնվել է իր ուշադրության ներքո, և դրա լուծման ուղիները բազմիցս քննարկվել են հանրապետության բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Եվ ասօր առիթ ունի հավաքվածներին տեղեկացնելու, որ նրանց տարիների երազանքը իրականություն է դարձել. քանզի ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի` <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> N1436-Ն որոշման 3-րդ հավելվածի 4.1 կետով Ոսկեհատ համայնքի Մաշտոցի թաղամասի թիվ 31 բազմաբնակարան շենքի ընտանիքների /թվով 15/ բնակարանային ապահովման նպատակով բնակարանների /բնակելի տների/ ձեռքբերման համար հատկացվել է 125 մլն դրամ:
Բնակիչները և համայնքի ղեկավարը մեծ ոգևորությամբ ընդունեցին լուրը: Նրանք գոհունակություն հայտնեցին իրենց ցուցաբերած հոգատարության և մատուցած հաճելի անակնկալի համար:
Մարզպետն էլ իր հերթին շնորհավորեց նրանց` մաղթելով անհոգ ու երջանիկ կյանք: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ Հանրապետության Նախագահը, օրենսդիր և գործադիր իշխանություններն անում են հնարավորը` օր առաջ թեթևացնելու ժողովրդի հոգսերն ու պայմաններ ստեղծելու բարեկեցիկ ապրելու համար:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը մանրամասն ներկայացրեց բնակարանների /բնակելի տների/ ձեռք բերման կարգը և տվեց գործընթացին վերաբերող մի շարք պարզաբանումներ: