Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ “Մենք ենք, մեր մարզը” խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի հերթական նախագիծը` Արմավիրի մարզի մշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ
04.11.2011
Նոյեմբերի 3-ին Առնո Բաբաջանյան համաերգասրահում տեղի ունեցավ “Մենք ենք, մեր մարզը” խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի հերթական նախագիծը` Արմավիրի մարզի մանկապատանեկան ստեղծագործական համույթների, պատանի նկարիչների և անհատ կատարողների մասնակցությամբ /թվով 200 երեխա/:
Միջոցառման շրջանակներում Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում բացված գեղանկարչական ցուցահանդեսին ներկայացվեցին արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 41 լավագույն նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքները: Ապա մարզի պատանի դերասան տիկնիկավարները բեմադրեցին Հովհաննես Թումանյանի <<Անբան Հուռին>> հեքիաթը:
Այնուհետև Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին մարզի երաժշտական, արվեստի դպրոցների ու մշակույթի տան պարային համույթներն ու երգչախմբերը, հնչեցին նաև պատանի երաժիշտների գործիքային ու վոկալ մենակատարումներ:
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանն ու մարզպետրանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:
“Մենք ենք, մեր մարզը”. մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր` մայրաքաղաքում ծրագիրն ամփոփվեց մամուլի ասուլիսով:
<<“Մենք ենք, մեր մարզը” ստուգատեսի արդյունքներն ամփոփելիս լավագույնս ստեղծագործող երեխներին ընդգրկում ենք մեր <<կադրային բանակում>>, որը հնարավորություն է տալիս նրանց հետագայում դուրս բերել հանրապետական և, ինչու չէ, միջազգային ասպարեզ>>,- ասաց մշակույթի փոխնախարարը: Ըստ նրա` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող “Մենք ենք, մեր մարզը” խորագրով ծրագիրը միտված է մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը, մայրաքաղաքի բնակչության իրազեկվածությանը յուրաքանչյուր մարզի մշակութային ձեռքբերումներին:
Մամլո ասուլիսում Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկություն ներկայացրեց վերջին չորս տարիներին մարզում մշակույթի բնագավառում իրականացված աշխատանքների և ունեցած հաջողությունների մասին: Նա նշեց, որ մեծ ուշադրություն է դարձվում մշակույթի տների, արվեստի և երաժշտական դպրոցների բարեկարգմանը, դրանցում նոր խմբակների վերաբացմանն ու սաների թվի ընդլայնմանը: Նրա խոսքով` մարզի համապատասխան հաստատությունների սաները մասնակցում են տարաբնույթ մշակութային միջոցառումների ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս` միշտ բաձր պահելով և’ մարզի, և տվյալ հաստատության պատիվը: