Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակը
09.11.2011
Նոյեմբերի 9-ին Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը մեծ հանդիսությամբ նշվեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման /ՏԻ/ համակարգի ներդրման 15-ամյակը: Այն մաս է կազմում ՏԻ համակարգի ներդրման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ընթացիկ տարում իրականացված և դեռ իրականացվելիք տարաբնույթ միջոցառումների:
Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Հոբելյանական հանդիսությանը ՏԻ համակարգի ներդրմանը, կայացմանը, զարգացման միտումներին վերաբերող ելույթով և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Այնուհետև Հայաստանի Հանրապետությունում ՏԻ մարմինների կազմավորման 15-ամյակի առթիվ և ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ վարչապետի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի, պաշտպանության նախարարի և Արմավիրի մարզպետի հուշամեդալներին, պատվոգրերին և շնորհակալագրերին արժանացան մի շարք համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ:
Հոբելյանական հանդիսությանը շնորհավորանքի խոսք հղեցին մարզային տարբեր ոլորտների պատասխանատուներ: Հանդիսության պաշտոնական մասին հաջորդեց տոնական համերգ` Արմավիրի արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: