Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2011 թվականի աշնանային զորակոչը

16.11.2011

Վերջին հինգ տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` Արմավիրի մարզում և' գարնանային, և’ աշնանային առաջին զորակոչը մեկնարկում է Սարդարապատի հուշահամալիրում: Հուշահամալիր, որն արտահայտում է հայրենիքի ազատագրման համար Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի խոր հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը: Այստեղ են հանգչում նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած տասնյակից ավել քաջերի շիրիմներ:

Այսօր ևս այս խորհրդանշական վայրում ազդարարվեց Արմավիրի մարզում 2011 թվականի աշնանային զորակոչի մեկնարկը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևորականներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ ու ոլորտի մի շարք պատասխանատուներ:

Պարտադիր զիվորական ծառայության մեկնող զորակոչիկները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ, նախ ծաղիկներ դրեցին հանուն հայրենիքի ազատության և անկախության մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես եկավ   ողջույնի և բարեմաղթանքի խոսքով: Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մաղթեց զորակոչիկներին` կոչ անելով ծառայության ընթացքում լինել տոկուն, օրինապահ, բարեխղճորեն իրականացնել իրեց պարտականությունները` միաժամանակ տեր կանգնելով իրենց իրավունքներին: <<Զորակոչվելով Հայոց ազգային բանակ` դուք ձեր սահմանադրական պարտքն եք մատուցում մեր պետությանը, և կուզեի, որ միշտ գիտակցեք` դուք ծառայում եք հաղթանակած և տարածաշրջանում ամենահզոր ու մարտունակ զինված ուժերում>>,-նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա համբերություն մաղթեց զորակոչիկների ծնողներին և հորդորեց` զինծառայության ընթացքում իրենց զավակների մոտ խնդիրներ առաջանալու դեպքում տեղեկացնել իրեն` դրանց համապատասխան լուծում տալու նպատակով:

Զորակոչիկներին օրհնության խոսք հղեց Արմավիրի թեմի քահանա տեր Մաշտոց Ստեփանյանը: Իսկ հետո նրանք ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և ուղևորվեցին իրենց պարտքը մատուցելու Հայրենիքին:

Նշենք, որ հուշահամալիրում ողջ ընթացքում չդադարեցին հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունները` բարձր տրամադրություն և մեծ ոգևորություն արթնացնելով ինչպես զորակոչիկների, այնպես էլ նրանց հարազատների և ներկաների մոտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20