Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ

23.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հերթական մարզային այցով Արմավիրում էր: Ա. Գեւորգյանը մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Առատաշեն համայնք, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասով հատկացված 40 մլն դրամով վերանորոգվում է դպրոցի լոկալ ջեռուցման համակարգը: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 25-ը:

Մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում եւս օրակարգային էին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ մասերի իրականացմանն առնչվող հարցերը: Ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում ավարտվել են` բացառությամբ Դալարիկ համայնքում խորքային հորի կառուցման աշխատանքների, որոնք կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 25-ը:

Ծրագրի երկրորդ մասով կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, պայմանագրեր են կնքվել 4 օբյեկտների համար: Ծրագրի երկրորդ մասով մարզում հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու դպրոցների հիմնանորոգմանը: Բացի այդ, միջոցներ են նախատեսված մարզի կարկտահարված 13 համայնքներին որոշ ուղղություններով օժանդակություն ցուցաբերելու համար:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Արմավիրի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված
4 մլրդ դրամի դիմաց կազմել է 3,7 մլրդ դրամ (կատարողականը`92,8%):
Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 82,3%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,9 %-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 %-ի նվազում է արձանագրվել հողի հարկի (կատարողականը` 87,5%), 4,5 %-ի նվազում` գույքահարկի (կատարողականը`79,3 %) մասով: Հողի հարկի հավաքագրման մակարդակը հիմնականում նվազել է Արմավիր, Աղավնատուն, Առատաշեն, Արագած, Արաքս, Արշալույս, Ծաղկալանջ, Հայթաղ, Մերձավան, Նորակերտ, Ջրարբի, Ամասիա, Արմավիր, Գետաշեն, Եղեգնուտ, Հայկավան, Նոր Կեսարիա, Նորապատ, Ջրաշեն, Տանձուտ, Փշատավան համայնքներում: Գույքահարկի մասով նվազում է արձանագրվել Արմավիր, Ակնալիճ, Այգեշատ, Ապագա, Արագած, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ջրառատ, Ջրարբի, Արմավիր, Սարդարապատ, Մայիսյան, Նորապատ, Ալաշկերտ համայնքներում:
Փոխվարչապետը պատասխանատուներին հանձնարարեց քայլեր ձեռնարկել մինչեւ տարեվերջ ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

Տեղեկություններ ներկացվեցին նաեւ գյուղատնտեսական տարվա արդյունքների մասին: Մասնավորապես նշվեց, որ մարզում արդեն կատարվել է 5000 հա աշնանացան` նախորդ տարվա 4110 հեկտարի դիմաց: Ցանքատարծությունների ավելացմանը նպաստել է կառավարության կողմից իրականացվող սերմարտադրության ծրագիրը: Տարվա ընթացքում արտադրվել է 98,4 հազ.տ խաղող` անցած տարվա 97, 5 տոննայի դիմաց: Մարզի վերամշակող գործարանները մթերել են 33, 810 տոննա` նախորդ տարվա 33, 594-ի փոխարեն: Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրանքի ծավալն այս տարի կազմել է 296,4 հազ. տոննա ` 270,4 հազ. տոննայի դիմաց, արտադրվել է 59,3 հազ. տոննա պտուղ` նախորդ տարվա 9,5 հազ. տոննայի դիմաց: Նշվեց, որ որոշակի դժվարություններ կան հատկապես կաղամբի բարձր բերքի իրացման առումով: Տվյալներ ներկայացվեցին նաեւ ոռոգման ջրի վարձավճարների գանձման ցուցանիշների վերաբերյալ. նոյեմբերի 1-ի դրությամբ գանձվել է հասույթի 64,8 տոկոսը կամ 1,4 մլրդ դրամ: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորեց հետեւողական աշխատանքներ իրականացնել վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ սերմացուի վերադարձելիության եւ բաշխման, գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Տեղեկություններ ներկայացվեցին համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացրեց Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ` կարեւորելով վերջին շրջանում իրավական ակտերում կատարված փոփոխությունների պահանջների կատարումը:

Խորհրդակցությունից հետո Ա. Գեւորգյանն այցելեց «ՄԱՊ» ընկերություն, որտեղ ներկայացվեցին մթերման այս տարվա ցուցանիշները: Գործարանը մթերել է 4500 տոննա խաղող, գրեթե նույնքան, որքան անցյալ տարի: Նախորդ տարվա 120 դրամի դիմաց բերքի 1 կիլոգրամն այս տարի գործարանն ընդունել է 130 դրամով: Փոխվարչապետը հետաքրքրվեց վճարումների ընթացքով, ինչին ի պատասխան հայտնեցին, որ 585 մլն դրամից 501 միլիոնն արդեն վճարված է, մյուս մասը վճարվում է ըստ ժամանակացույցի: Այս տարի մթերվել է նաեւ 10 հազար տոննա լոլիկ` գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարի: Դրա դիմաց վճարումն ամբողջությամբ կատարված է: Ընկերությունը փոքր ծավալով մթերել է նաեւ այլ բանջարեղեն:

Փոխվարչապետը շրջայց կատարեց գործարանում, ծանոթացավ արտադրական հզորություններին, տնօրինության հետ քննարկեց արտադրանքի արտահանման հետ կապված հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15