Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաներին
25.11.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի այն 30 սաներին, որոնք ընդգրկված են "Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից” ծրագրում: Նրանց հետ էին նաև դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանը և ծրագրի համակարգող Նունե Դոլինյանը:
Նշենք, որ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «ժողովրդավարությունը սկսվում է քեզանից» ծրագրի շրջանակներում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն իր գործընկերներ հոլանդական Ֆրայ Էդուարդո հիմնադրամի և հարավկովկասյան «Եվրոպական ուսմունքների դպրոցների» հետ միասին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 60 դպրոցների /յուրաքանչյուր երկրից 20 դպրոց/ շուրջ 1800 սաների հետ իրականացնում է քառօրյա սիմուլացիոն խաղեր, որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաբնույթ թեմատիկ քննարկումներ, վերլուծություններ, և արդյունքում յուրաքանչյուր դպրոցում ձևավորված խումբ ընտրում է իր պատվիրակին` Հարավկովկասյան երիտասարդների պառլամենտում` ներկայացուցչությունը Վրաստան: Այստեղ ամեն երկրից ընտրվելու են ևս 5 պատվիրակներ, որոնք մեկնելու են Բրյուսել` Եվրոպական խորհրդարան, և մասնակցելու ծրագրի երրորդ փուլին:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և կարևորեց ծրագրի նշանակությունն արդեն ձևավորվող երիտասարդների համար` նշելով, որ այն հիանալի առիթ է` պատկերացնելու քաղաքացիական հասարակության դերը, և տեսնելու, թե քաղաքական համակարգերը որքանով կարող են օգտակար լինել հասարակության դրսևորմանը, ձևավորմանն ու զարգացմանը: <<Մենք Ձեզ վստահում ենք և համոզված ենք, որ Ձեր հաջողություններն այսքանով չեն սահմանափակվի, և Ձեր պատվիրակը կմասնակցի նաև ծրագրի երկրորդ փուլին` կրկնապատկելով մեր բոլորի ուրախությունը>>,-ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Հանդիպմանը մարզպետը պատասխանեց նաև դպրոցի սաներին հետաքրքրող մի շարք հարցերի: