Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը
01.12.2011
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որը վարեց փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը:
Խորհրդակցությանը Արմավիրի Պետական առողջապահական գործակալության տնօրեն Մելանյա Տոնոյանը ներկայացրեց <<Միդաս-2>> ծրագրով կատարված աշխատանքները: Նա անդրադարձավ նաև բացթողումներին` կոչ անելով շտկել դրանք` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Այս առնչությամբ Լ. Մուրադյանը տեղեկացրեց, որ այսուհետ բուժծառայություններից օգտվող ազգաբնակչության թիվը տրամադրվելու է ծրագրում ամրագրված թվի հիման վրա և հավելեց, որ գործակալությանը ճշգրիտ թվեր ներկայացնելու համար պետք է հնարավորինս անսխալ վարել բազաները:
Մարզի գլխավոր էնդոկրինոլոգին Անուշ Մուրադյանն անդրադարձավ դիաբետով ինսուլինոկախյալ հիվանդների դեղորայքի չափաքանակին` առաջարկելով պահպանել դրանց միջինացված չափաքանակը` շեշտը դնելով հիվանդի դիետայի պահպանմանը:
Լ. Մուրադյանը գլխավոր էնդոկրինոլոգին հանձնարարեց ըստ տարածաշրջանների կազմակերպել հանդիպումներ և քննարկել ինսուլինոկախյալ հիվանդներին տրամադրվող դեղորայքի չափաքանակը:
Ամփոփելով խորհրդակցությունը` Լ. Մուրադյանը կոչ արեց ներկաներին աշխատել սահմանված չափորոշիչներով և չթերանալ իրենց վերապահված պարտականություններում: