Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց "Նոր Ակունք" ՓԲԸ-ի հիմնադրման 10-ամյակը
14.12.2011
Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը դեկտեմբերի 13-ին հանդիսավոր պայմաններում նշվեց "Նոր Ակունք" փակ բաժնետիրական ընկերության /ՓԲԸ/ հիմնադրման 10-ամյա հոբելյանը, որին ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության /ԳԴՀ/ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, Կառույցի միջազգային գլխավոր տնօրեն Գարի Սթոութը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Մինչ միջոցառման հանդիսավոր մասի մեկնարկը` ներկաները մասնակցեցին Արմավիրի արվեստի դպրոցի սաների և անհատ նկարիչների "Ջուրը կյանք է" խորագիրը կրող նկարների ցուցադրությանը, որոնցից երեք լավագույնների հեղինակները "Նոր Ակունք" ՓԲԸ-ի կողմից արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների:
Իսկ արդեն միջոցառման հանդիսավոր մասում պատվոգրերի, խրախուսական նվերի, ինչպես նաև շնորհավորանքի և շնորհակալության խոսքերի արժանացավ "Նոր Ակունք" ՓԲԸ-ն` ի դեմս միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Արտավազդ Թորոսյանի:
Այդ ամենն ընկերության 10-ամյա գործունեության բարձր գնահատականի խորհուրդն էր պարունակում իր մեջ, ինչն առավել իմաստավորվեց Արտավազդ Թորոսյանի` ընկերության գործունեության այդ տարիները ներկայացնող ամփոփ հաշվետվությամբ և տեսլականով:
Նախ նշվեց, որ ընկերությունը սկսել է իր գործունեությունը համաձայն ՀՀ և ԳԴՀ կառավարությունների միջև 1999թ. նոյեմբերի 13-ին ստորագրված ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի` <<Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնում>> ծրագրի իրականացման նպատակով` ստանձնելով «Հայջրմուղկոյուղի» ընկերության Արմավիրի մասնաճյուղի սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների իրականացումը:
Հաշվետու ժամանակահատվածում "Նոր Ակունք" ՓԲԸ-ի կողմից Ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի` ներդրումային ծրագրի շրջանակներում կենտրոնացված ջրամատակարարման համակարգի ապակենտրոնացման նպատակով <<Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնում>> ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր համայնքի համար /2 քաղաքային և 10-ը գյուղական/ հորատվել կամ վերականգնվել է խորքային հոր և կառուցվել գլխամասային կառույց /ջրամբար, քլորակայան, սանիտարական գոտի/: Կառուցվել են նոր ջրագծեր, փոխարինվել է համայնքների ջրամատակարարման ներքին /բաշխիչ/ ցանցը: Ընդհանուր առմամբ կառուցվել է 209 կմ նոր ջրագիծ, որը կազմում է ընդհանուր ջրամատակարարման ցանցի շուրջ 73 տոկոսը:
Վերականգնվել է Արմավիր-Մեծամոր կոյուղու գլխավոր կոլեկտորը և Մեծամորի կոյուղու պոմպակայանը, ինչպես նաև մասնակի վերականգնվել է Արմավիր քաղաքի ջրահեռացման ներքին ցանցը:
Ներկայացվեց նաև ջրաչափերի տեղադրման, դրանց արդիականացման և ջրամատակարարման համակարգի գոտիավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Իրականացված բոլոր աշխատանքների գործում կարևորվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և համապատասխան համայնքների ղեկավարների գործուն աջակցությունը:
"Նոր Ակունք" ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Արտավազդ Թորոսյանի խոսքով` ընկերությունը նպատակ է հետապնդում դառնալ հանրային ծառայությունների բարձրորակ մատակարար` բավարար քանակի /շուրջօրյա/ և սանիտարական նորմերին միանգամայն համապատասխան որակի խմելու ջուր մատակարարելով բոլոր հաճախորդներին և իրականացնելով ջրահեռացման հուսալի ծառայություններ: Ըստ նրա` եղած ձեռքբերումները շարունակություն են պահանջում:
Ընկերության կողմից իրականացված աշխատանքներին իր գնահատականը տվեց և հոբելյանական օրվա առթիվ շնորհավորանքի խոսք հղեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա հատկապես կարևորեց շուրջօրյա ջրամատակարարման ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքները և այդ նպատակով համակարգերի բարելավվմանն ուղղված վերականգնման միջոցառումները` դրանց իրականացման գործում հատհապես առանձնացնելով Արտավազդ Թորոսյանի դերակատարումը: Իր շնորհավորանքի խոսքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը "Նոր Ակունք" ՓԲԸ-ին մաղթեց արգասաբեր աշխատանքային տարիներ և գործնական նորանոր հաջողություններ` ի շահ բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ընկերության առաջընթացի:
Նշենք, որ ընկերության 10-ամյա հոբելյանի առթիվ նախապես մրցույթ էր հայտարարվել մի քանի անվանակարգերում` ընկերության հիմն, դրոշ, գերբ, բանաստեղծություն, քանդակ: Միջոցառմանը ամփոփվեցին նաև մրցույթի արդյունքները, և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող ճանաչվածները "Նոր Ակունք" ՓԲԸ-ի կողմից արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների: Պատվոգրեր և դրամական պարգևներ էր նախատեսվել նաև ընկերության գործունեությանն ակտիվ աջակցություն ցուցաբերած մի շարք պետական պաշտոնյաների և ընկերության բարեխիղճ աշխատակիցների համար:
Հոբելյանական միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով: