Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի տարեվերջյան նիստը

15.12.2011

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն ու աշխատավարձերի վճարման ընթացքին, համայնքների 2012 թվականի բյուջեների հաստատմանը և համայնքներում հողային հարաբերությունների կարգավորմանը:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը, ներկայացնելով մարզի համայնքային բյուջեների կատարողականի ցուցանիշները, տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 4440735.7 հազ. դրամի դիմաց կազմել է 4125679.6 հազ. դրամ, կատարողականը`94.9 տոկոս: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 88.4 տոկոս, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.3 տոկոսով:

Նա տեղեկություն ներկայացրեց նաև աշխատավարձերի վճարման ընթացքի վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ դեկտեմբերի 15-ի դրությամբ աշխատավարձի պարտքը մարզի համայնքներում կազմում է շուրջ 4 մլն դրամ, իսկ սոցիալական վճարներինը`2 մլն դրամ:

Մարզպետը կոչ արեց հավաքագրման ցածր ցուցանիշներ ապահոված, ինչպես նաև աշխատավարձերի և սոցիալական վճարների պարտքեր ունեցող համայնքների ղեկավարներին առաջիկա երկու շաբաթների ընթացքում բարելավել հավաքագրման ցուցանիշները և ամբողջությամբ մարել աշխատավարձերի և սոցիալական վճարների պարտքերը` դրանց վերաբերյալ ամենօրյա տեղեկություն ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան վարչություն:

Վ. Մկրտչյանն անդրադարձավ նաև ՀՀ Արմավիրի մարզի համայնքների 2012թ. բյուջեների հաստատման գործընթացին` նշելով, որ 39 համայնք 2012թ. բյուջեն դեռևս չի ներկայացրել: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համապատասխան համայնքների ղեկավարներին հանձնարարեց մինչ դեկտեմբերի 20-ը գործընթացն ավարտին հասցնել:

Մարզի համայնքներում հողային հարաբերությունների կարգավորմանն անդրադարձավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Հենրիկ Ալեքսանյանը` մասնավորապես նշելով, որ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունների և ոլորտը կարգավորող կառավարության 2011թ. ընդունած որոշումների արդյունքում մարզում զգալիորեն բարելավվել են հողային հարաբերություննեը: Նա միաժամանակ նշեց, որ համայնքներում դեռևս առկա են հողագնահատման խմբերին առնչվող, հողամասերի գործառնական նշանակության փոփոխությանն առնչվող, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության արդյունքում գոյացած կադաստրային արժեքների տարբերության վճարման, ինչպես նաև բնակավայրերի գլխավոր հատակագծերի և հողերի գոտիավորման սխեմաների կազմման հարցերը:

Մարզպետը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց բարձրացված հարցերին` կոչ անելով ձեռնամուխ լինել դրանց կարգավորմանը` միաժամանկ համարժեք վերաբերմունք դրսևորելով նաև հողային հաշվեկշռի կազմմանը:

Օրակարգային հարցերի ավարտից հետո եղան նաև հայտարարություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10