Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2011

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ,

Մենք պատումթյանն ենք հանձնում մեր ազգի, մեր պետության համար հոբելյանական իրադարձություններով լի մի տարեթիվ, որը հատկապես նշանավորվեց մեր նորանկախ Հանրապետության 20-ամյա հոբելյանով:

Եվ այս համատեքստում, եթե ընդհանրացնենք վերջին երկու տասնամյակն ընդգրկող ժամանակաշրջանի նկարագիրը մարզի համար, ապա կարող ենք արձանագրել հետեւյալ հիմնական իրողությունները՝ հաղթահարվել են անկախության առաջին շրջանի անխուսափելի համարվող դժվարությունները, տարբեր ոլորտներում գրանցվել են նկատելի հաջողություններ, հստակեցվել են զարգացման հեռանկարներն ու նախանշվել գերակայությունները, ապահովվել է բոլոր կառուցողական ուժերի համագործակցությունը կանխորոշված խնդիրների լուծման համար:

Միայն վերջին հինգ տարիներին բազմաթիվ պետական և ոչ պետական ծրագրերի արդյունքում, ի տես բոլորիս, լրջագույն ներդրումներ են իրականացվել կրթօջախների հիմնանորոգման, առողջապահական հաստատությունների կապիտալ նորոգման և ժամանակակից սարքավորումներով վերազինման, ջրամատակարարման համակարգերի բարելավման, ճանապարհաշինության, գազամատակարարման, գյուղատնտեսության աջակցության, արտադրական ձեռնարկությունների ներուժի ընդլայնման ու նորերի հիմնման և մի շարք այլ ուղղություններով: Նկատելի առաջընթաց է գրանցվել նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններում:

Վստահորեն կարող եմ նշել, որ մարզային իշխանությունն իրեն վերապահված լիազորությունների և պարտավորությունների շրջանակներում արել է հնարավորը` ինչպես ներքին կանոնակարգային գործառույթները բարձր մակարդակով իրականացնելու, այնպես էլ մարզի ազգաբնակչությանը հուզող հարցերը անհետևանք չթողնելու գործում:

Մեր ծննդավայրը շենացնելու վեհ գիտակցումով, վերջին տարիների ձեռքբերումներն արժևորելով և առաջնորդվելով մարզի զարգացման համար սահմանված առանցքային գերակայություններով` հավատացնում եմ, որ ավելի քան մոտ է այն օրը, երբ մենք կունենանք համակողմանի զարգացած մարզային տնտեսություն՝ գործուն ենթակառուցվածքներով, և բոլորովին այլ կենսամակարդակ՝ մարզի ազգաբնակչության համար։

Ուստի եկեք 2012 թվականը դիմավորենք մեր ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները կրկնապատկելու, բացթողումները լրացնելու, կիսատ գործերն ավարտին հասցնելու և առաջընթացի նոր հորիզոններ ուրվագծելու մեծ վճռականությամբ և կամքով:


Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ,

Ընդունեք իմ ամենաջերմ բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տոներ, որոնք մեզ համակում են նոր հույսերով, նախաձեռնություններով և հաջողության հասնելու մեծ հավատով:

Ուստի ցանկանում եմ, որ գալիք տարում իրականություն դառնան բոլոր բարի ու նվիրական իղձերն ու սպասումները,

Մեր կյանքում գերակշռի սերը, հավատարմությունն ու միասնությունը,

Մեր օջախներում տիրի ջերմությունն ու համերաշխությունը,

Մեր հայրենիքում պահպանվի կայունությունն ու խաղաղությունը,

Եվ մեր Հանրապետությունը, երկրի նախագահի գլխավորությամբ, շարունակի փառքով դիմակայել բոլոր ներքին ու արտաքին մարտահարվերներին:

Քաջառողջություն, երջանկություն և արևշատություն եմ մաղթում բոլորիդ:

Բարին ընդ Ձեզ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


ՀՀ Արմավիրի մարզպետ`
Աշոտ Ղահրամանյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36