Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեցին մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված կրթական գործունեության ուսումնասիրության արդյունքները
26.01.2012
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր խորհրդակցություն էր հրավիրվել մարզի հանրակրթական 30 ուսումնական հաստատություններում /5-ը ավագ դպրոց, 18-ը` միջնակարգ, 7-ը` հիմնական/ ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության կողմից 2011 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 2-ն իրականացված կրթական գործունեության ուսումնասիրության արդյուքների հրապարակման նպատակով, որին ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի և տեսչության պատասխանատու պաշտոնյաներն ու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները:
Սահմանված ժամանակահատվածում կրթության և գիտության նախարարության կողմից տրված ձևաթղթերի համաձայն ուսումնասիրվել են համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատությոունների տնօրենների և նրանց տեղակալների պաշտոնային պարտականությունների կատարումը, դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդների, առարկայական մասնախմբերի, մանկավարժական աշխատողների, սովորողների գործունեությունը, ուսումնական միջավայրը, ինչպես նաև ներգրավված մասնագետների կողմից կատարվել են դասալսումներ:
Նշվեց, որ ուսումնասիրության արդյունքում կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ են հայտնաբերվել թվով 22 հանրակրթական ուսումնական հաստատություններում, կազմվել է ընդհանուր թվով 22 արձանագրություն և հայտնաբերված խախտումների հետևանքներն ու թերությունները վերացնելու նպատակով ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրեններին տրվել է կատարման համար պարտադիր 20 հանձնարարական, իսկ կառավարման խորհուրդների նախագահներին` 6: Միաժամանակ նշվեց, որ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հիմնականում ներկայացվել են անհրաժեշտ գրություններ` հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Անդրադառնալով իրականացված ուսումնասիրություններին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես ընդգծեց, որ դրանք ուսանելի նշանակություն են ունեցել ոչ միայն այդ 30, այլև մարզի մյուս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար: Մարզպետի հավաստմամբ` արձանագրված խախտումներն այլևս չեն կրկնվի: