Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայոց բանակի կազմավորման 20–ամյա հոբելյանը

27.01.2012

Մարզկենտրոն Արմավիրում այսօր մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ` մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինված ուժերի մարզային ստորաբաժանումների պատասխանատուները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հայոց բանակի կազմավորմանը նվիրված հանդիսավոր նիստը Արմավիրի մշակույթի տանը բացվեց տերունական աղոթքով: Այնուհետև հանդիսավորությամբ ներս բերվեց Հայոց եռագույնը, հնչեց օրհներգը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը. <<Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք, սիրելի զինվորներ, սպաներ, հոբելյանական մեր միջոցառման մեծարգո մասնակիցներ,

Միշտ էլ հաճելի է ջերմ խոսք ասել, երբ համընդհանուր տրամադրությունը փառավորի ու տոնականի մասին է: Ուստի ցանկանում եմ բոլորիս շնորհավորել մեր պանծալի բանակի 20–ամյակի առթիվ, ինչի կապակցությամբ ազգովի հպարտանալու իրավունք ունենք և նույնքան վսեմությամբ՝ գնահատելու նրա միասնական ուժն ու ձեռքբերումները:

Հայոց բանակը մեր ազգային նվաճումների մեծագույն արժեքներից է, ամենաանհրաժեշտն ու կենսականը: Նրա կուռ շարքերի և անսասան հիմքերի վրա են կերտվում մեր երկրի ներկան ու ապագան: Մեր բանակը համայն հայության երազանքների ամենատեսանելի ու նվիրական խորհրդանիշն է: Իսկապես անժխտելի է, որ զինվորի, սպայի, բոլոր աստիճանների հրամանատարական կազմի ստույգ հայրենասիրության, զինվորական օրենքի հանդեպ նրանց կարգապահությամբ է պայմանավորված թանկ գնով նվաճված մեր անկախության, հայրենքի սահմաների պաշտպանության և Արցախի խնդրի արդարացի լուծման նպատակաները:

Իսկ որ Հայոց բանակն արդեն մեծ ուժ է և հզորացած կառույց, այդ բանը շատերին է հայտնի, այդ թվում՝ առաջին հերթին տարածաշրջանի պետություններին: Ահա թե ինչու մեր երկրի ղեկավարությունը, Պաշտպանության նախարարությունը ոչինչ չեն խնայում մեր բանակի առավել հզորացման համար, որ մշտապես կայուն լինեն մեր ժողովրդի ստեղծագործելու և անվտանգության երաշխիքները:

Սիրելի բարեկամներ, խաղաղասեր ու բարին կամեցող մեր ժողովուրդը դարեր շարունակ երազել է սեփական ուժերով պահպանել իր բնօրրանը, իր հող–հայրենին, ցանկացել է ամուր ու անսասան պահել հայրենի տունը, զորավիգ դառնալ իր զավակներին, նրանց մեջ ամրացնել ազնիվ ու վսեմ ապրելու ճիշտ գաղափարները:

Այսօր մեծ շուքով տոնելով Հայոց ազգային բանակի հոբելյանական 20 տարին, հայ ժողովուրդը հպարտորեն է նայում նրա դեռևս կարճ, բայց հաղթական ճանապահին, որտեղ մեկ անգամ ևս նա ապացուցեց, որ հանուն հայրենիքի պատրաստ է տալու ամենաթանկը՝ իր կյանքը: Դրա փառավոր վկայությունը Արցախի ազատամարտն էր, որի ընթացքում երկրապահներն ու կազմավորվող բանակի առաջին շարքերը միավորվեցին և դարձան միասնական բռունցք:

Հանդիսավոր այս պահին մեր սերն ու երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր պատմության տարբեր ժամանակներում գիտակցաբար ծառայել են ազգանվեր նպատակների: Հարգանքով ու խոնարումով ենք հիշում ժողովրդի աննկուն զավակներին, ովքեր հանուն ազգային միասնական հաղթանակի՝ մարտի ելան և սուրբ նպատակների համար անմահացան: Որքան էլ ժամանակը հեռանում է անցյալի իրադարձություններից, նույնքան անգամ վեհանում են նրանք՝ հայրենքին իրենց կյանքը տված քաջազուն տղաները: Իսկ բոլոր ժամանակներում մեծ ու ազնիվ գործերի համար ընկածները սրբանում են ժողովրդի սրտում:

Սիրո և խոնարհումի այդ վսեմ տուրքով խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք հայրենյաց փրկության համար իրենց կյանքը տված բոլոր զոհերի հիշատակը:

Հիշողություններ կան, որոնք տարեգրության մատյանի մեջ գրվելու են ոսկե տառերով, իրադարձություններ կան, որոնք ժողովրդական սիրո, նրա իմաստնության ոգեղեն գրավական են, պատիվ ու նվիրում այն զավակներին, ովքեր զինվորագրվեցին հայոց բախտին, դարձան նրա տերը, խաղաղության դիրքերի զինակիր պաշտպանները:

Պատմությանն է հայտնի, որ հայ մարտիկները ապացուցել են իրենց զենքի ուժը, հիշենք Սարդարապատի հերոսամարտը, Հայրենական մեծ պատերազմը, Արցախի ազատամարտը: Ամեն տեղ հայ ժողովրդի զավակները իրենց «Սուրը փառքով դրեցին պատյան», դարձան ազատաբաղձ նպատակների կրողը և օրինակ՝ գալիք սերունդներին: Այսօր, ի տես աշխարհի, Հայոց ազգային բանակը իր վաստակած դրոշի վրա կրում է իր ծննդյան 20-րդ տարեդարձը, որը մեր ժողովրդի վսեմության, նրա խաղաղասիրական և ազնիվ նպատակների պաշտպանության գրավականն է՝ վավերացված այն զինվորական գնդերի ու ստորաբաժանումների հզոր միասնությամբ, որոնք օր ու գիշեր պաշտպանում են մեր ինքնիշխան հայրենիքի սահմանները՝ կրելով ժողովրդի կողմից նրանց վստահված խղճի և հզության պատասխանատվությունը:

Մենք հպարտորեն ենք նշում, որ մեր երկրի վերընթացի ապահովման, նրա պաշտպանության ամրապնդման, միջազգային ասպարեզում մեր Հանրապետության Նախագահի՝ Սերժ Սարգսյանի վարած հավասարակշիռ քաղաքականության շնորհիվ՝ բարձրացել է Հայաստանի պետության հեղինակությունը, ամրապնդվել են հեռանկարային ու նպատակային դաշինքները, հզորացել են մեր երկրի կենսագործունեության բոլոր բնագավառների ներքին ու արտաքին երաշխիքները: Դրա վառ վկայություն է օրերս ՖՐԱՆՍԻԱՅԻ հզոր պետության փաստացի արձագանքը, երբ դեմոկրատական այդ մեծ երկրի Սենատը ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը: Շնորհակալ լինենք մարդու իրավունքների և արդարության բացառիկ դրաշակակիր Ֆրանսիային և շնորհավորենք մեկս մյուսի՝ մեր ազգային մեծ սպասումների առջև հույսի շող բացվելու պատմական այս առիթով:

Շատ կարևոր է, որ իրադարձություների այսպիսի վերընթացը բոլորիս առաջնորդի ամբողջ հոգով և շիտակությամբ գնահատելու մեր երկրի վերջին տարիների առաջընթացը, դրանով նաև Հայոց բանակի դերն ու նշանակությունը, միաժամանակ գնահատելու և գուրգուրելու այն միասնությունը, հավատն ու համերաշխությունը, որոնք Հայաստան երկրի առաջիկա մեծ ծրագրերի իրականացման առքելությունն ու գլխավոր նպատակը պետք է լինեն:

Ահա թե ինչու աշխարհաքաղաքական նոր ու բուռն իրադարձություններին զուգահեռ՝ ընդհանուրիս միասնությամբ, բարձրաձայն և իրավունքով պետք է հնչեցնենք, որ մեր ազգային բանակը ժողովրդի ուժի շնորհիվ մեր անկախ երկրի կամքի և միասնության կրողն է, պատրաստ՝ դիմակայելու թշնամական բոլոր ոտնձգություններին, պաշտպանելու մեր սրբազան եզերքները, առավել հզոր դարձնելու մեր պետության հիմքերը:

Փառք ու պատիվ հայ զինվորին, 20-ամյա հայոց փառապանծ բանակին,  մեր ժողովրդի լուսավոր երազանքների ամրակուռ պաշտպաններին>>:

Հայոց բանակի կազմավորման 20–ամյա հոբելյանի առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց զինված ուժերի մարզային տարբեր ստորաբաժանումների մի շարք բարձրաստիճան սպաների և պայմանագրային զինծառայողների:

Նշենք, որ տոնական միջոցառմանը շնորհավորանքի խոսք հղեց և դրամական պարգրներ հանձնեց նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով և հյուրասիրությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20