Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց ՀՀ Երիտասարդական խորհրդարանի "Համագործակցություն" պատգամավորական խմբին
03.03.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՀՀ Ազգային ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի /ԵԽ/ "Համագործակցություն" պատգամավորական խմբին: Մարզպետը ողջունեց նրանց այցը Արմավիրի մարզ և կարևորեց նմանատիպ այցերի և հանդիպումների նշանակությունը մարզերում տիրող իրավիճակին, մարզային իշխանությունների կողմից իրականացվող գործառույթներին ծանոթանալու տեսանկյունից:
Որպես մարզային իշխանության ղեկավար` նա պատգամավորական խմբին ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի գործունեությունը և մարզին վերաբերող մի շարք մանրամասներ.
Նրա խոսքով` ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Արմավիրի մարզում, ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացվում է պետական կառավարում և ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Հանրապետության Նախագահի` <<Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին>> հրամանագրով և այլ իրավական ակտերով: Իսկ մարզում պետական կառավարումն իրականացնում է մարզպետը` մարզպետարանի միջոցով:
Ներկայացնելով մարզպետարանի կառուցվածքը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
Նա տեղեկություն ներկայացրեց նաև մարզի առանձնահտկությունների, մարզում վերջին հինգ տարիներին իրականացված ծրագրերի, առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերբերյալ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձավ նաև մարզի երիտասարդների շրջանում իրականացվող ծրագրերին` մասնավորապես նշելով, որ վերջին երեք տարիների ընթացքում լուծվել են մարզի շուրջ հինգ հարյուր ուսանողների բարձրագույն ուսումնական հաստատություններ անվճար տեղափախման, ինչպես նաև յոթանասուն անապահով ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման հարցերը: Ըստ նրա` մարզի երիտասարդությանը հուզող և վերաբերող հարցերը գտնվում են մարզային իշխանության ուշադրության կենտրոնում, և արվում է հնարավորը դրանց լուծման ուղղությամբ:
Պատգամավորական խմբի անդամները շնորհակալություն հայտնեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ջերմ ընդունելության և իրենց տրամադրած կարևոր տեղեկությունների համար` գովելի համարելով մարզում ընթացող զարգացումները:
Կարևորելով երիտասարդության ներգրավվածությունը հասարակական և քաղաքական տարբեր ոլորտներում և նրանց դերը պետության ապագայի կետման գործում` մարզպետը կոչ արեց պատգամավորական խմբին չընկրկել դժվարությունների առաջ և պայքարել նպատակներին հասնելու համար: <<Դուք եք ապրելու այս երկրում, դուք եք այս երկրի ապագա տերերը և այսօ պետք է դնեք ձեր առավել լուսավոր ապագայի կառուցման հիմնաքարերը>>,- ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նշենք, որ մարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությունից հետո պատգամավորական խումբը Արմավիրի մարզի երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր, այնուհետև հանդիպում է ունեցել մարզի երիտասարդական ակտիվի հետ` նպատակ ունենալով նրանց ծանոթացնել ԵԽ գործունեությանը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


