Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
07.03.2012
Սիրելի կանայք,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս հիասքանչ օրվա` Կանանց տոնի առթիվ:
Այս տոնական օրը ևս մեկ հրաշալի առիթ է մեր երախտիքի և գնահատանքի խոսքերը հղելու Ձեզ՝ Ձեր նվիրումի, հոգատարության, ազգապահպան ու անկոտրում ոգու և ոգեշնչող ներկայության համար։
Դարեր ի վեր Հայ կնոջ առերևույթ փխրուն ու խոցելի կերպարը միշտ զուգորդվել է դժվարությունները հաղթահարելու անսպառ ուժով ու եռանդով:
Նա չի ընկրկել անգամ պատմության ամենածանր պահերին` յուրօրինակ ապավեն դառնալով, հույս ու հավատ ներշնչելով մեր ժողովրդին: Չի դադարել կրթել ու դաստիարակել, պաշտպանել ու բժշկել, ստեղծել ու ստեղծագործել` այդպիսով անսասան պահելով թե ընտանիքի, թե պետության հիմքերը:
Այսօր արդեն ընդլայնվել է Հայ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, ինչը գովելի է և միանշանակ նպաստելու է մեր պետականության կայացմանը, ամրապնդմանն ու զարգացմանը:
Հայաստան աշխարհի թանկագին մայրեր, տիկնայք, քույրեր և դուստրեր,
Վերստին շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի առթիվ և ցանկանում, որ ապրեք առողջ, երջանիկ, Ձեր իսկ երազած իրականության մեջ` շրջապատված անհուն սիրով ու հոգատարությամբ:
Բարին ընդ Ձեզ:
ՀՀ Արմավիրի մարզպետ`
Աշոտ Ղահրամանյան