Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կանանց մեկամսյակի առթիվ մարզպետն այցելեց 116-ամյա Խաթուն Կոստանյանին
15.03.2012
Խաթուն Կոստանյանն արդեն 66 տարի է, ինչ ապրում է Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում: Նրա ընտանիքը Հայաստան է գաղթել Պարսկաստանից` 1946 թվականին: Նա ունի 6 զավակ, 12 թոռ և 11 ծոռ:
Մարտի 8-ից սկիզբ առնող կանանց մեկամսյակի առթիվ Լուկաշին համայնքի ղեկավար Փանոս Խորոզյանի ուղեկցությամբ Խաթուն Կոստանյանին այսօր այցելեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա ջերմորեն շնորհավորեց 116 տարին բոլորած, բայց մայրական հոգատարությամբ ու բարությամբ տոգորված Խաթուն Կոստանյանին` նրան մաղթելով քաջառողջություն և ուրախ տրամադրություն: <<Ես հպարտությամբ եմ լցվում` տեսնելով, որ մեր տարեցները շրջապատված են իրենց զավակների, թոռների և այս դեպքում արդեն ծոռների ջերմությամբ ու հոգատարությամբ: Ինչ խոսք, մենք ևս անտարբեր չենք մեր մարզում բնակվող տարեց ազգաբնակչության նկատմամբ և հնարավորության սահմաններում միշտ փորձում ենք օգտակար լինել նրանց>>,-ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Խաթուն Կոստանյանի զավակներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին մարզպետին` փաստելով, որ արդեն երրորդ անգամն է, ինչ իրենց ընտանիքը` ի դեմս մոր, մարզի ղեկավարի կողմից արժանանում է նման վերաբերմունքի:
Նշենք, որ Խաթուն Կոստանյանն այսօր դրամական պարգև և նվերներ ստացավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և համայնքի ղեկավար Փանոս Խորոզյանից: