Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` ԵԿԳ գլխավոր տնօրենի և համայնքապետերի մասնակցությամբ
23.03.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ Երևանի կոնյակի գործարանի /ԵԿԳ/ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի և համայնքապետերի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին խաղողի մթերմանը վերաբերող հարցեր:
ԵԿԳ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի Արմավիրի մարզից պատրաստվում են մթերել 11000 տոննա խաղող` նախկին 8500 տոննայի փոխարեն: Արա Գրիգորյանի հավաստմամբ` կանեն հնարավորը մարզում խաղողի բերքն ամբողջությամբ մթերելու ուղղությամբ: Ըստ նրա` այս տարի փոխվելու է խաղողի գնման արժեքը` նախնական տվյալներով խաղողը կգնվի կիլոգրամը 140 դրամով: Նշվեց նաև, որ մեկնարկել է խաղողագործների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, և ներկրվել է նրանց տրամադրվող բուժանյութերի անհրաժեշտ խմբաքանակը:
Համայնքապետերի կողմից առաջարկություններ եղան պայմանագրերի ժամկետների երկարաձգման և նորատունկ այգետերերի հետ նոր պայմանագրերի կնքման վերաբերյալ, որոնք հավանության արժանացան Արա Գրիգորյանի կողմից:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանին` խորհրդակցությանը մասնակցելու և մարզի խաղողագործներին նման աջակցություն ցուցաբերելու համար: