Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Հոլանդիայից ժամանած գործարարների
28.03.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հոլանդական "Յան վան Ինգեն", "Դելտաֆլորա" և "Մուբետեք" ընկերությունների տնօրեններին, որոնք զբաղվում են պտղի մշակությամբ, բանջարբոստանային մշակաբույսերի ու ծաղկի սերմերի արտադրությամբ և ջերմոցային տնտեսությունների հիմնմամբ:
Ողջունելով նրանց այցն Արմավիրի մարզ` Ա. Ղահրամանյանն ընդգծեց, որ մարզը հանրապետությունում հանդիսանում է գյուղմթերքների արտադրության շտեմարան և արվում է հնարավորը գյուղացիական տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու համար: <<Մեր նպատակն է ավելացնել բանջարեղենի ու պտղի արտադրության ծավալը, տալ առավել մրցունակ արտադրանք և գտնել իրացման նոր շուկաներ` այդպիսով թեթևացնել մարզի հողագործների հոգսն ու կեցության բարենպաստ պայմաններ ապահովել նրանց համար>>,-ասաց մարզպետը: Նա ներկայացրեց նաև մարզում պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալը և իրացման առկա հնարավորությունները:
Վերը նշված ընկերությունների տնօրենները ներկայացրեցին իրենց ծրագրերը: Քննարկվեցին մարզում փորձնական ներդրումներ իրականացնելուն վերաբերող հարցեր: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել նախատեսվող ծրագրերի իրագործմանը: