Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ <<Լավագույնն իր ոլորտում>> մրցանակաբաշխությունը
30.03.2012
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ <<Լավագույնն իր ոլորտում>> ամենամյա մրցանակաբաշխությունը: Սահմանված 14 անվանակարգերում` <<Տարվա լավագույն շինարար>>, <<Տարվա լավագույն ֆերմեր>>, <<Տարվա լավագույն դպրոց>>, <<Տարվա լավագույն նախակրթական հաստատություն>>, <<Տարվա լավագույն մշակութային, կրթական հաստատություն>>, << Տարվա լավագույն բուժաշխատող>>, <<Տարվա լավագույն մանկավարժ>>, <<Տարվա լավագույն մարզիկ>>, <<Տարվա լավագույն լրատվամիջոց կամ լրագրող>>, <<Տարվա լավագույն մշակութային գործիչ>>, <<Տարվա լավագույն համայնքային ծառայող>>, <<Տարվա լավագույն քաղաքացիական ծառայող>>, <<Տարվա լավագույն համայնք>> և <<Տարվա լավագույն համայնքի ղեկավար>> մրցանակային երեք տեղերը զբաղեցրածներին պատվոգրեր և հեռուստացույցներ հանձնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Իրենց ոլորտում լավագույններին ընտրել է մարզպետի` 22.03.2012 թվականի թիվ 17 կարգադրությամբ ստեղծված մրցույթային հանձնաժողովը, որը գլխավորել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:
Ամենամյա դարձած մրցանակաբաշխության նպատակն է խթանել մարզի սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, հասարակական, քաղաքական և մյուս ոլորտների զարգացումն ու նպաստել առաջընթացին:
Ամփոփելով մրցանակաբաշխությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեկ անգամ ևս շնորհավորեց մրցանակակիրներին` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ իրենց բնագավառներում: Մրցանակակիրներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին` իրենց աշխատանքը նկատելու և գնահատելու համար` հավաստիացնելով, որ այսուհետ կանեն ավելին` արդարացնելու իրենց հանդեպ դրսևորած վստահությունը: