Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Լեհաստանի Պոզնան նահանգի պատվիրակությանը
30.03.2012
Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Լեհաստանի Պոզնան նահանգի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին «Արի Արի» ֆոնդի ղեկավար Լոնգին Գրասչուկը , Պոզնանի քաղաքապետարանի սոցիալական հարցերով վարչության պատասխանատուն, ադմինիստրատիվ այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում գործող «Հանգրվան» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամության հարցերով:
Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ` մարզպետը նշեց, որ կարևորում է հաշմանդամություն ունեցողների շրջանում նրանց կողմից իրականացվող ծրագրերը: «Հաշմանդամներն իսկապես լուրջ աջակցության կարիք ունեն: Ցավոք, մեր պետությունը դեռ այդ լիարժեք հնարավորությունը չունի, որպեսզի ամբողջությամբ կարողանա հոգա նրանց կարիքները: Եվ այս առումով ողջունելի է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչը միայն դրական կարող է անդրադառնալ աջակցության կարիք ունեցող անձանց հետագա ճակատագրի վրա»,-ասաց մարզպետ Ղահրամանյանը:
Ըստ նրա` և’ Հանրապետության Նախագահը, և’ կառավարությունը, և’ մարզային իշխանությունները իրենց հնարավորությունների սահմաններում աջակցում են այդ խոցելի խմբերին և պատրաստակամ են քննարկել ցանկացած ծրագիր, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը:
Մարզպետը տեղեկացրեց, որ Արմավիրում գործում է կույրերի միավորում և վերջերս տեսողության խնդիրներ ունեցող մարզի բնակիչներին հնարավորություն է տրվել համակարգչային գիտելիքներ ձեռք բերել «Արև» հատուկ ծրագրի միջոցով: Տեղեկացվեց նաև, որ Էջմիածինը Հայաստանի այն միակ քաղաքն է, որտեղ գոյություն ունի հատուկ կույրերի համար «խոսող» լուսացույց:
Պատվիրակության անդամները նշեցին, որ Արմավիրի մարզն իրենց հետաքրքրել է բնակչության խտության առումով, ինչը թույլ է տվել ենթադրելու, որ մարզում մեծ է նաև հատուկ խնամքի կարիք ունեցողների թիվը, որոնց շրջանում իրենք կարող են ծրագրեր իրականացնել` երկկողմ համագործակցության կայացման դեպքում:
Նշենք, որ կողմերի միջև ձեռքբերված նախնական պայմանավորվածությունները պաշտոնական մակարդակով ամրագրելու, և հետագա անելիքները նախանշելու նպատակով մայիսի վերջին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով Արմավիրի մարզ կայցելի Պոզնանի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը: