Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` ՀՀ գյուղատնտեսության նախարարի մասնակցությամբ

06.04.2012

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպեց մարզի գյուղական համայնքների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին` ներկայացնելու նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը:

Ընդհանուր առմամբ գոհացուցիչ չհամարելով նախորդ տարի իրականացված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները` այնուամնենայնիվ նախարարը նշեց, որ տարին աննախադեպ է եղել նախորդների համեմատությամբ, և միայն շարունակական աշխատանքի միջոցով հնարավոր է լուծել տարիների ընթացքում կուտակված խնդիրներն ու ցանկալի առաջընթաց գրանցել:

Կարևորելով երկրի բարձրաստիճան այրերի կողմից ոլորտին ցուցաբերվող ուշադրությունը` նախարարը մատնանշեց գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերը, որոնք նպատակաուղղված են ցածր տոկոսադրույքով վարկերի, մատչելի գներով էլիտար սորտի սերմերի, դիզվառելիքի և պարարտանյութի տրամադրմանն ու գյուղատնտեսական տեխնիկայի ու մեխանիզմների մատակարարմանը:

Անդրադառնալով գյուղացիական տնտեսություններին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրմանը` Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ կառավարությունը նախորդ տարի 14 մլրդ դրամ է հատկացրել գյուղատնտեսական ոլորտում արտոնյալ տոկոսադրույքով վարկի տրամադրմանը, որի տոկոսները սուբսիդավորվել են պետական բյուջեից։ Իսկ այս տարի գործադիրը որոշել է ևս 7.5 մլրդ դրամ հատկացնել վարկավորման նպատակով: <<Գործընթացն ապրիլի 1-ից մեկնարկել է, այն շարունակական է, և տարեցտարի պայմաններն ավելի շահավետ են լինելու>>,-ասաց նախարարը` նկատելով, որ այն զգալի աջակցություն է գյուղատնտեսության ոլորտին:

<<2011 թվականին նախորդ տարվա համեմատությամբ 90 հազար տոննա ավել ցորենի բերք է ստացվել>>,- խոսելով էլիտար սորտի` մասնավորապես ցորենի սերմացուի որակական առանձնահտկությունների մասին` նշեց գյուղատնտեսության նախարարը: Նրա խոսքով` սերմնաբուծության զարգացման ծրագիրը նույնպես շարունակական է լինելու` նպատակը հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացումն ու ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացումն է:

Սերգո Կարապետյանի հավաստմամբ` գյուղատնտեսական արտադրանքի մթերման, ինչպես նաև դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացում ևս դրական առաջընթաց է ապահովվել: Ըստ նախարարի` աշխատանքներ են տարվում մթերման գործընթացն ամբողջությամբ պայմանագրային եղանակով իրականացնելու ուղղությամբ: Գյուղացու բերքի իրացման առումով նախարարը կարևորեց նաև մայրաքաղաքում գյուղատնտեսական շուկայի բացումը, որն ըստ նրա` զգալի հակակշիռ է դարձել վերավաճառողների համար, արդյունքում` քաղաքի բնակիչները գյուղմթերքը ձեռք են բերել 30-40 տոկոս ցածր գնով:

Նախարարն անդրադարձավ նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի մատակարարմանը` նշելով, որ մինչև ապրիլի կեսը կավարտվի դրանց բաշխումը համայնքներին։ Նա հիշեցրեց, որ պարարտանյութի մեկ պարկը համայնքներ կհասցվի 6000, իսկ դիզելային վառելիքի մեկ լիտրը՝ 350 դրամով, հավելելով, որ շուկայական և առաջարկվող գների տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից։
Անդրադառնալով գյուղական համայնքներին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարմանը` Սերգո Կարապետյանը նշեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում ավելի մատչելի պայմաններով դրանք ձեռք բերելու և գյուղացիներին լիզինգով տրամադրելու ուղղությամբ:

Նշվեց, որ ընթացքի մեջ է պետական միջոցների հաշվին գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումները վտանգավոր հիվանդությունների դեմ և արհեստական սերմնավորման ծրագրերի իրականացումը, որոնք զգալիորեն կխթանեն մթերատվության բարձրացումը: Տեղեկացվեց նաև, որ առաջիկայում Հայաստան կբերվի շուրջ 800 գլուխ տոհմային երինջ, որից միայն 48 գլուխը կհատկացվի Արմավիրի մարզին:

Սերգո Կարապետյանի խոսքով` «ՀՀ պարենային անվտանգության մակարդակի ապահովման հայեցակարգով» նախատեսված է մինչև 2020 թվականը ապահովել մեր երկրում պարենային ապրանքների պահանջարկի 80 տոկոսը, և գյուղատնտեսության նախարարությունը առաջիկայում ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցառումներ` առաջնահերթ պարենամթերքների արտադրության ծավալների ավելացման, ներմուծման, փոխարինման և արդյունքում երկրի պարենային անվտանգության մակարդակի աստիճանական բարձրացման համար:

Խորհրդակցությանն Արմավիրի մարզում 2011 թվականին իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին ամփոփ հաշվետվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` մասնավորապես նշելով, որ նախորդ տարում մարզի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է դրական տեղաշարժ, որոշակիորեն ավելացել է մշակովի հողերի ծավալը. 2011թվականին 301 հա հողատարածություն ավելի է մշակվել 2010 թվականի համեմատությամբ:

Արթուր Այվազյանը հատկապես հատկանշական համարեց գյուղատնտեսության առավել եկամտաբեր ճյուղերի` խաղողի, պտղի և բանջարեղենի արտադրության վերականգնումն ու մասնագիտացումը: Նշվեց, որ 2010 թվականի համեմատությամբ 10500 տոննա խաղող ու բանջարեղեն ավել է մթերվել: Վերահսկվել է անասնաբուժական ծառայության աշխատանքը, ավելացել է անասնագլխաքանակը: Վերանորոգվել ու վերականգնվել են ոռոգման ցանցերը, մարզում ներդրվել է ոռոգման նոր տեխնոլոգիա /Տալվորիկի 100 հա հողատարածքում ոռոգումն իրականացվում է անձրևացման, իսկ Արևադաշտի 250 հա խաղողի այգիներում` կաթիլային եղանակով/:

Միաժամանակ նշվեց, որ մարզի 280 կմ երկարությամբ բաց ցամաքուրդային ցանցից պետբյուջեի և "Հազարամյակի մարտահրավերներ- Հայաստան" հիմնադրամի միջոցներով մաքրվել է 91.84 կմ բաց ցամաքուրդային ցանց, իսկ փակ ցամաքուրդների մաքրումը դեռևս հիմնախնդիր է մնում:

Հաշվետվությունն ամբողջությամբ

Գյուղատնտեսության նախարարը դրական գնահատեց ոլորտում իրականացված աշխատանքները` դրանց հաջողությունը պայմանավորելով նախարարության հետ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության  ինտենսիվ համագործակցությամբ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10