Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2012 թվականի գարնանային զորակոչը

22.05.2012

Վերջին տարիներին Արմավիրի մարզում ձևավորված ավանդույթի համաձայն և' գարնանային, և' աշնանային առաջին զորակոչը մեկնարկում է Սարդարապատի հուշահամալիրում: Հուշահամալիրն արտահայտում է հայրենիքի ազատագրման համար Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի խոր հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը: Այստեղ են հանգչում նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած տասնյակից ավել արմավիրցի քաջերի շիրիմները:

Արմավիրի մարզում 2012 թվականի գարնանային առաջին զորակոչի մեկնարկն այսօր ևս ազդարարվեց այս խորհրդանշական վայրում, Սարդարապատի զանգերի ղողանջների ներքո: Զինակոչիկներին բարի ծառայություն մաղթելու և տոնական օրը նրանց և նրանց մերձավորների հետ կիսելու էին եկել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների  տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և համայնքապետեր:

Պարտադիր զիվորական ծառայության մեկնող զինակոչիկները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ, նախ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարին:

Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես եկավ ողջույնի և բարեմաղթանքի խոսքով: Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մաղթեց զինակոչիկներին` կոչ անելով պատվով կատարել իրենց պարտքն հայրենիքի հանդեպ: <<Սիրելի զինակոչիկներ, դուք միշտ հիշեք, որ ծառայում եք հաղթանակած և տարածաշրջանի ամենահզոր ու մարտունակ բանակում: Պատվով ծառայեք և վերադարձեք ձեր ընտանիքները` բարձր պահելով Արմավիրի մարզի պատիվը: Բարի երթ ձեզ>>,-ասաց մարզպետը:

Զինակոչիկներին օրհնության խոսք հղեց և բարի ծառայություն մաղթեց նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: <<Սարդարապատը մեր փրկության պատը եղավ դեռևս 94 տարի առաջ. փոքր ուժերով, բայց մեծ հավատով, սբ. Էջմիածնի ղողանջների ներքո հայ քաջորդիները պաշտպանեցին հայրենիքը, դուք նույնպես պաշտպանեք մեր հայրենի տունը` նույնքան սրբությամբ և հավատով>>,-իր բարեմաղթանքի խոսքում նշեց Սրբազան հայրը:

Ապա զինակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և ուղևորվեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:

Նշենք, որ հուշահամալիրում ողջ ընթացքում չդադարեցին հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունները` բարձր տրամադրություն և մեծ ոգևորություն հաղորդելով ինչպես զինակոչիկներին, այնպես էլ նրանց հարազատներին ու ներկաներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10