Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի թեմում մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը

08.06.2012

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում սպասավորող հոգևորականներ այս անգամ մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն իրականացրեցին Արմավիրի թեմում, եղան թեմի տարբեր բնակավայրերում, եկեղեցիներում, ուսումնական-կրթական հաստատություններում և հիվանդանոցներում, այցելեցին կարիքավորների և հաշմանդամների ընտանիքներն:

Արմկավիրի թեմում   «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագրի մեկնարկը տրվեց Մրգաշատ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում: Համայնքի մատույցներում Նորին Սրբությանը դիմավորեցին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ և համայնքների ղեկավարներ: Այնուհետև Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ 130 եկեղեցականների, կատարվեց Արևագալի ժամերգություն:

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետի և եկեղեցականների այցն Արմավիրի մարզ ողջունեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և թեմական առաջնորդ Սիոն Սրբազանը` մեծապես կարևորելով «Մեկ օր մեկ թեմում» ծրագրի իրականացումը:

Հաջորդիվ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը հղեց ներկաներին: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ գոհունակություն հայտնեց Մրգաշատի եկեղեցին վերանորոգված և գործող տեսնելու առիթով: «... Մենք հավատում ենք, որ հոգևոր կյանքի զորացումը երաշխիքն է մեր բարեկեցության, մեր երկրի առաջընթացի ու զորության»,- իր խոսքում ընդգծեց Նորին Սրբությունը:

Անդրադառնալով մերօրյա  մարտահրավերներին և կյանքում առկա դժվարություններին` Վեհափառ Հայրապետն նշեց. «Քրիստոնյային հարիր չէ ծնկել դժվարությունների առջև, հուսալքվել ու հուսահատություն ապրել: Վստահ ենք, որ Տիրոջ օրհնությամբ մենք պիտի լինենք միշտ զորեղ և հաղթական: Այս ոգով ու համոզումով մենք կարողացել ենք մեր կյանքի, մեր պատմության մեջ հաղթահարել բոլոր դժվարությունները: Այդ դժվարությունները մեր կյանքից պիտի հեռանան շնորհիվ մեր զորեղ հավատքի, շնորհիվ մեր աստվածսիրության»:

Օրհնության իր խոսքում Նորին Սրբությունը նաև գնահատանի խոսք հայտնեց Արմավիրի մարզպետին, թեմակալ առաջնորդին, համայնքապետերին և բոլոր այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ հոգևոր կյանքը վերաարթնացել է Արմավիրի մարզում. մարզի համայնքներում  նորոգվում և կառուցվում են եկեղեցիներ, ժողովրդի կյանքում առատանում է աղոթքը:

Այնուհետև եկեղեցականները համայնքապետերի ուղեկցությամբ մեկնեցին մարզի տարբեր բնակավայրեր` Ավետարանի խոսքը քարոզելու հավատավոր հայորդիներին, հաղորդակցվելու նրանց կյանքին ու առօրյաին և հաղորդ  դարձնելու նրանց Եկեղեցու կյանքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08