Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` 40 տոկոսից ցածր սեփական եկամուտների հավաքագրում ապահոված համայնքապետերի մասնակցությամբ
11.06.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց 40 տոկոսից ցածր սեփական եկամուտների հավաքագրում ապահոված մարզի 29 համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ ՏԿ փոխնախարար Արտաշես Բախշյանը:
Անդրադառանալով սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող յուրաքանչյուր համայնքի բյուջետային եկամուտներին` մարզպետն առաջարկեց պարզաբանել հավաքագրման նման կատարողական ապահովելու պատճառները:
Համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հիմնավորումները մասնավորապես կապված էին գյուղացու` տարվա այս ժամանակահատվածում անվճարունակությամբ, որը պայմանավորված է նոր սկսվող բերքահավաքով և բերքի իրացմամբ, մյուս կողմից էլ` "Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին" ՀՀ օրենքի ու կից փոփոխությունների փաթեթի կիրառմամբ: Այս կապակցությամբ համայնքապետերին պարզաբանումներ ներկայացրեց ՏԿ փոխնախարարը` միաժամանակ ընդգծելով, որ այն լուրջ օգնություն է տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև բնակչությանը և հորդորեց համայնքապետերին բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի վերջիններս մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը օգտվեն սահմանված արտոնությունից:
<<Որևէ պատճառաբանություն չի կարող իրական հիմք հանդիսանալ սեփական եկամուտների հավաքագրման նման ցածր ցուցանիշներ ունենալու համար: Սկսեք ամենօրյա աշխատանք տանել հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ>>,-անդրադառնալով համայնքների ղեկավարների կողմից տրված պարզաբանումներին` նշեց մարզպետ Ա.Ղահրամանյանը: Նա կոչ արեց համայնքների ղեկավարներին ամսեկան, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով ապահովել բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, և յուրաքանչյուր շաբաթ հաշվետվություն ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզպետարան: