Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց ԻԻՀ Արևմտյան Ատրպատականից ժամանած պատվիրակությանը
21.06.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության /ԻԻՀ/ Արևմտյան Ատրպատականի նահանգից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր նահանգապետարանի տնտեսական հարցերի գերտեսուչ Իբադուլահ Աքբարհին: Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:
Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահություն հայտնեց, որ այցը նոր խթան կհանդիսանա կողմերի միջև դեռևս 2009 թվականին փոխըմբռնման հուշագրով ամրագրված մի շարք ոլորտներում փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: <<Այն բարեկամությունն ու բազմաշերտ հարաբերությյունները, որոնք ձևավորվել են Արմավիրի մարզի և Արևմտյան Ատրպատականի նահանգի միջև պետք է բարելավվեն, բարձրացվեն որակական նոր մակարդակի վրա>>,-իր խոսքում ընդգծեց մարզպետ Ա. Ղահրամանյանը: Նա իր ողջույնն ու բարեմաղթանքները փոխանցեց նահանգապետ Ջալալ Զադեին:
Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավարը մարզպետ Ա. Ղահրամանյանին փոխանցեց իր պաշտոնակցի բարեմաղթանքները` նշելով, որ նա բարձր է գնահատում Արմավիրի մարզի հետ ունեցած հարաբերությունները և կարևորում է դրանց զարգացմանն ուղղված քայլերը:
Այնուհետև կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Անդրադարձ եղավ գյուղատնտեսության բնագավառում, մասնավորապես` անասնապահության, թռչնաբուծության, այգեգործության, պտղի և բանջարեղենի վերամշակման ոլորտներում փոխգործակցությանը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնելու համագործակցությունը էկոլոգիայի բնագավառում, առևտրատնտեսական փոխհարաբերություններում:
Ամփոփելով հանդիպման արդյունները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ Հայաստանում երկրի ղեկավարի մակարդակով մեծ կարևորություն է տրվում ԻԻՀ հետ հարաբերություններին. <<Մենք ձեզ ընդունում ենք որպես վստահելի գործընկեր և տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Մենք միտված ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները>>,-ասաց մարզպետը: