Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

27.06.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը և մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները: Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, հողօգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրներին, գյուղատնտեսական մթերքների արտադրությանն ու իրացման գործընթացին և ոռոգման համակարգում առկա հարցերին:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը, ներկայացնելով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներն 01.06.2012 թվականի դրությամբ, տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 683 մլն 923 հազար դրամի դիմաց կազմել են 428 մլն 628 հազար դրամ, կատարողականը` 62.7 տոկոս: Հավաքագրման մակարդակը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.1 տոկոսով:

Այնուհետև Վարազդատ Մկրտչյանն ըստ համայնքների ներկայացրեց նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները` մասնավորապես անդրադառնալով 40 տոկոսից ցածր հավաքագրման ցուցանիշներ ապահոված թվով 29 համայնքներին:

Համապատասխան համայնքների ղեկավարներին մարզպետն  առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների հավաքագրմանը` դրանց ցուցանիշներն հասցնելով առավելագույնի:

Մարզում հողօգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրներին և մասնավորապես` համայնքների հողային հաշվեկշիռները մարզպետարան սահմանված ժամկետներում չներկայացնելուն անդրադարձավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը. <<Ձեզ բազմիցս ասվել է, որ համայնքի հողային հաշվեկշիռը համայնքի հողերի կադաստրային քարտեզի թվային արտահայտությունն է և այն սահմանված ժամկետի խախտումներով մարզպետարան ներկայացնելը, առավել ևս չներկայացնելը պատժվում է օրենքով սահմանված կարգով>>,- ընդգծեց մարզպետ Ղահրամանյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ կադաստրային քարտեզին չհամապատսխանող տվյալներով համայնքապետերի կողմից ներկայացվող հողային հաշվեկշիռները ևս օրենսդրական կարգի խախտում են դիտվում:

Մարզպետն անդրադարձավ նաև մարզի մի շարք համայնքներում հողային բարեփոխումներով, աճուրդային վաճառքներին, վարձակալության մրցույթներին լուծում չտալու հետևանքով կուտակված խնդիրներին և մարզի 35 համայնքում հողային հարաբերությունների բնագավառում նախատեսվող ուսումնասիրություններին:

Գյուղատնտեսական մթերքների արտադրության ու իրացման գործընթացը ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետարնի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` ընդգծելով, որ այս տարի մարզում 1100 հա ցանքատարածություն ավել է մշակվել նախորդ տարվա համեմատությամբ: Նրա խոսքով` մարզում այս տարի  բերքն առատ է, իսկ մթերող ընկերություններն արդեն  սկսել են ամբողջ հզորությամբ աշխատել: Ա. Այվազյանի փոխանցմամբ`  հուլիսի առաջին 10-օրյակում մթերում կիրականացնի նաև Վանանդ համայնքում կառուցված «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանը: Նա վստահեցրեց, որ այս տարի մարզում բերքի իրացման խնդիր չի առաջանա:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն անդրադարձավ նաև մարզի հողօգտագործողներին ոռոգման ջրով ապահովելու խնդրին` նշելով, որ բնակլիմայական պայմանների պատճառով այս տարի ջրային հոսքեր չեն եղել և այսօր ջրային ռեսուրսներում, որոնք ապահովում են Արարատյան դաշտի հողերի հիմնական մասի ոռոգումը, առաջացել է դեֆիցիտ: Նրա տեղեկացմամբ` հատկապես խնդիրներ են առաջացել մարզի Սև ջուր-Ախթամար և Ակնալիճ ջրօգտագործող ընկերությունների սպասարկման տարածքներում և այժմ իրավիճակը մեղմելու նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ՀՀ բնապահպանության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և մարզպետարանի աշխատակիցները, ուսումնասիրում է Սև ջուր գետի ակունքներում ջրային ռեսուրսների ավելացման հարցը և այդ ուղղությամբ համապատսխան աշխատանքներ են իրականացվում:

Օրակարգային հարցերի քննարկման ավարտից հետո եղան նաև հայտարարություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10