Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
10.07.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեազ Բեյգի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` մարզպետը նշեց, որ երկու պետությունների միջև առկա հարաբերությունները հրաշալի առիթ են ընձեռում ընդլայնելու փոխգործակցությունը նաև Հայստանի մարզերի և Իրանի նահանգների միջև: Այդ համատեքստում նա նկատեց, որ այսօր ՀՀ Արմավիրի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև սկիզբ առնող հարաբերություններն ասվածի վկայությունն են և պարտավորեցնում են ամենայն լրջությամբ վերաբերվել դրանց զարգացմանն` ի շահ երկու պետությունների միջև ձևավորված բարեկամության առավել ամրապնդման:
Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ ընդունելության համար` ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեազ Բեյգին նշեց, որ երկու պետությունների պատմական ընդհանրությունները թույլ կտան առավել գործնական քայլեր իրականացնել կողմերի միջև ձևավորվող փոխգործակցության զարգացման համար:
Կողմերի միջև տարբեր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունն ամրագրվեց ՀՀ Արմավիրի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և նահանգապետ Ալիռեազ Բեյգի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրով, որի կատարումն ապահովելու և երկկողմ համագործակցության զարգացման ուղիներն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում կձևավորվեն հանձնաժողովներ` ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Ֆարոհ Մասջեդի գլխավբորությամբ:
Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է համագործակցություն սկսել գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի և սպորտի բնագավառներում, ինչպես նաև հետամուտ լինել համապատասխան գերատեսչությունների կողմից Թեհրան-Երևան և հակառակ ուղղությամբ օդային հաղորդակցության հետ կապված հարցի լուծմանը:
Հանդիպման ավարտին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Իրանի իր գործընկերոջից Արևելյան Ատրպատականի նահանգ այցելելու հրավեր ստացավ:
Հավելենք, որ պատվիրակությունը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այսօր եղել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և "ՄԱՊ" կոնյակի, գինու և պահածոների արտադրությամբ զբաղվող գործարանում: