Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների հետ
30.08.2012
Այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն`մասնակցությամբ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ` ցանկանալով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը նույնպես իր զեկույցը սկսեց շնորհավորական ուղերձով` բոլորին մաղթելով անձնական երջանկություն և հաջողություններ աշխատանքում: Նա ամփոփեց 2011-2012 ուսումնական տարվա արդյունքները և ներկայացրեց 2012-2013 ուս.տարվա անելիքները: <<Եկեք հպարտանանք մեր ձեռքբերումներով, հաջողություններով, բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ դեռ շատ անելիքներ ունենք ու պիտի հաղթահարենք բոլոր խոչընդոտները>>,-ասաց Գ. Սայադյանը:
Այնուհետև արտահայտվեցին այլ տնօրեններ` ներկայացնելով իրենց կրթական հաստատություններում առկա խնդիրները: Եղան քննարկումներ տարբեր խնդիրների շուրջ, հնչեցին մի շարք հուզող հարցեր, որոնց մի մասին համարժեք պատասխան տվեց Ն. Հովհաննիսյանը: <<Եկեք չմոռանանք, որ ուժեղ տնօրենը պահում է ուժեղ դպրոց, իսկ ուժեղ դպրոցը ուժեղ ու կայուն պետության գրավականն է>>,-նշեց նա իր խոսքում:
Խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` խստագույնս նշելով, որ ամեն ջանք պիտի գործի դնենք, քանզի մանկավարժը շատ կարևոր առաքելություն ունի մատաղ սերնդի կրթության ու ճիշտ դաստիարակության գործում: