Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցում բացվեց Հայաստանում առաջին ստեղծագործարանը
07.09.2012
![](http://armavir.mtad.am/files/n_pics/1977_s.jpg)
Այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցում բացվեց ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ` Ստեղծագործարան: Ստեղծագործարանը 40-50 աշակերտների համար նախատեսված մեծ լուսավոր սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքը հնարավորություն է տալիս աշակերտներին կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք:
Բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Մարզպետը շնորհավորեց դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին` նշելով. <<Թող այս առաջնակարգ կրթարանը միշտ գերազանց ծառայի իր նպատակին ու լինի ձեր գիտելիքների անսպառ աղբյուրը>>:
Ներկայացնելով Ստեղծագործարանի գաղափարը` Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանն ասաց. <<Այսօրվա աշակերտները չեն սիրում միապաղաղ և միօրինակ դասեր, և դպրոցական գրավիչ միջավայրը կարող է մեծապես խթանել ուսման գործընթացում բազմատեսակ աշխատանքների կատարումը>>:
Հուսանք, որ 21-րդ դարի մոդել այս Ստեղծագործարանը, իրոք, կդառնա սերնդի կրթական, ինչպես նաև ստեղծագործական ունակությունների դրսևորման փայլուն միջավայր: